Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններին քաղաքական երանգ է տրվել: Զինված պայքարն անվանվել է «Ազատության արշալույս»: Թուրքական աղբյուրները հաղորդում են, որ ընդդիմադիր ուժերը կանխել են Ասադի ռեժիմի լայնածավալը հարձակումը, որ պետք է սկսվեր գարնանը:
Վստահաբար պնդել, որ այդպես չէ կամ Սիրիայի նախագահը ժողովրդավարական ընտրություններով ձևավորված իշխանության կրող է, անշուշտ, ճիշտ չէր լինի: Սիրիական քաղաքները գրավող զինառյալներն առաջին հերթին տապալում են նախկին նախագահ Հաֆեզ Ասադի արձանները, պատռում Բաշար Ասադի, Վլադիմիր Պուտինի, Այաթոլլա Խամենիի լուսանկարներով պաստառները և վարչական շենքերի վրա բարձրացնում Թուրքիայի դրոշը:
Այս ֆոնին Բաքվում չափազանց ուշագրավ իրադարձություններ են ծավալվել: Վերսկսվել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի գործով դատավարությունը, որ COP 29-ի առիթով հետաձգվել էր:
Գործը հարուցվել է Քերիմլիի դեմ անհատական բողոքի հիմքում: ԱԺ նախկին անդամ Այդին Ալիևը բողքել է, որ Քերիմլին իրեն անվանել է իշխանության հետ համագործակցող, որով վիրավորել է իր արժանապատվությունը, զրպարտել իրեն: Ադրբեջանի օրենսդրությամբ զրպարտությունը քրեորեն հետապնդելի է:
Դեկտեմբերի 2-ին Ալի Քերիմլին դատական նիստի է ներկայացել հարյուրավոր աջակիցների ուղեկցությամբ և հանպատրաստի հանրահավաք կազմակերպել: Նա ուշադրություն է հրավիրել աշխարհում բռնապետության դեմ պայքարի դրսեւորումների վրա և հայտարարել, որ բռնաճնշումներով իշխանություն պահելու, այն ժառանգորդին փոխանցելու քաղաքականությունը դատապարտված է ձախողման:
Քերիմլին ակնհայտորեն նկատի է ունեցել Սիրիայի իրադարձությունները. Գործող նախագահ Բաշար Ասադը պաշտոնում փոխարինել է հորը՝ Հաֆեզ Ասադին, ստեղծել կլանային իշխանություն, ինչը և քաղաքացիական դժգոհությունների, ապա և զինված բախումների պատճառ է դարձել՝ երկիրը կանգնեցնելով մասնատման և ինքնիշխանության կորստի սպառնալիքի առաջ:
«Այսօրվա դատարանը մարդուն իշխանության հետ համագործակցող և Հեյդար Ալիևի լուսանկարի առջև ծնրադրող ասելու համար ինձ կարող է ազատազրկման դատապարտել, բայց դրանից չի հետևի, որ ադրբեջանական ժողովուրդն ինձ հանցագործ կճանաչի: Երբեք: Ադրբեջանական ժողովուրդը գիտի և մեզ ճանաչում է որպես ազատության և արժանապատվության պայքարի մարտիկներ»,- հայտարարել է Քերիմլին:
Հարյուրավոր համակիրներ վանկարկել են «Նա-խա-գահ» և «Ազա-տու-թյուն»: Քերիմլիի համակիրներն այդպիսով նրան «նախագահ և ազատարար» են հռչակել, ինչից անմիջապես հետո ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են դատարանի նստավայրին հարակից պուրակ, ցրել հանրահավաքը:
«Թուրան» գործակալության տեղեկացվածությամբ՝ ակցիայի վայրից ոստիկանությունը «տասնյակ անձանց բերման է ենթարկել», այդ թվում՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության մի շարք գործիչների: Նրանց նկատմամբ, ամենայն հավանականությամբ, կկիրառվի վարչական պատիժ, թեեւ բացառված չէ, որ քրեական գործեր հարուցվեն: Տարածված տեսագրությունից երևում է, որ որոշ անձինք փորձում են ոստիկանությանը դիմադրություն ցույց տալ, իսկ Քերիմլին նրանց հորդորում է «հանգիստ կանգնել տեղում»:
Քերիմլին իր խոսքում հարեւան Վրաստանում ծավալվող իրադարձություններին չի անդրադարձել: Նա Իլհամ Ալիևին բացահայտած նույնականացրել է Բաշար Ասադի հետ, որի դեմ զինված պայքարի հովանավորը Թուրքիայի նախագահ Էրդողանն է: ԱԺ առաջնորդն Էրդողան-Ալիևի հակասությունների մասին տեղեկություննե՞ր ունի:
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը CNN հեռուստաընկերությանը հարցազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Սիրիայում ստեղծված իրավիճակը և այն գնահատել «բարդ»:
Նա Հալեպը և այլ բնակավայրերը գրաված ուժերին անվանել է «ընդդիմություն» և ասել, որ վերջինս հաշվի է առել երեք դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի և «Հեզբոլլայի» թուլացումը»:
Սալիվանի բնութագրմամբ՝ այդ երեք դերակատարները տարիներ շարունակ ճնշում են գործադրել ընդդիմության նկատմամբ: «Վերջինս, տեսնելով նրանց թուլացումը և խոցելիությունը, փորձում են օգտվել այդ հանգամանքից»,- ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:
Սալիվանը, պատասխանելով հարցին, թե ռազմական գործողությունները չե՞ն սպառնում Սիրիայում ամերիկյան զորախմբի անվտանգությանը, ասել է, որ նրանք գտնվում են այլ տեղաշրջանում, ուստի ուղղակի սպառնալիք չկա, բայց նրանք կարող են հարձակման ենթարկվել Իրանի, Իրաքի և Սիրիայի շիադավան խմբավորումների կողմից: Այդ վտանգը կանխելու համար Միացյալ Նահանգներն ամեն օր աշխատում է նրանց պաշտպանության ուղղությամբ և արձագանքում է հնարավոր հարձակումներին:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի մեկնաբանության ամենաուշագրավ դրվագը, թերևս, այն է, որ, ըստ Սալիվանի, թեև Վաշինգտոնը «Հայաթ թահրիր ալ-Շամ» խմբավորումը որակում է ահաբեկչական, բայց Վաշինգտոնը չի առարկի Ռուսաստանի, Իրանի և «Հեզբոլլայի» կողմից պաշտպանվող՝ Ասադի կառավարության դեմ նրա ճնշումներին, մանավանդ եթե Դամասկոսի ուղղությամբ նրանց շարժվելու դեպքում: Թուրքական մամուլը «Հայաթ թահրիր ալ-Շամ» խմբավորման սոցցանցային նյութերից երկու էական մանրամասնություն է հրապարակել՝ Հալեպում Ռուսաստանի զինվորական խորհրդատուների գրասենյակի գրավումը և պատմական բերդի վրա Թուրքիայի պետական դրոշի բարձրացումը:
Այս իմաստով Սալիվանի վերոհիշյալ միտքը, թերևս, կարելի է մեկնաբանել այն իմաստով, որ Միացյալ Նահանգները Սիրիայում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման դիմաց պատրաստ է աչք փակել Թուրքիայի կողմից հովանավորվող ռազմական խմբավորումների ահաբեկչական բնույթի հանդեպ:
Վաշինգտոնում, հավանաբար, հաշվարկել են, որ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո տարածաշրջանի գործընկեր երկրների հետ սկզբունքային համաձայնությունը հնարավոր է: Այս առումով խիստ ուշագրավ է իսրայելական մամուլի անհանգստությունը: Մի շարք հրապարակումներում, թեև ոչ ուղղակի, բայց բավական թափանցիկ ընդգծումներով տեսակետ է շրջանառվել, որ թուրքամետ ուժերին երբեք չէր հաջողվի Հալեպը գրավել, եթե Իսրայելը «Հըզբոլլահի» ներուժը չոչնչացներ, չգլխատեր այդ խմբավորման քաղաքական և ռազմական ղեկավարությունը:
Սալիվանը փաստացի անոնսավորել է, որ «ապստամբական ուժերը» պետք է շարժվեն դեպի Դամասկոս: Վաշինգտոնի համար Բաշար Ասադի ռեժիմի տապալումը գերխնդիր է: Այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի Սիրիայից հեռանալ: Բայց Սպիտակ տան դեմոկրատական վարչակազմին պաշտոնավարման երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնում:
Հարց է՝ ընտրված նախագահ Թրամփը պաշտպանո՞ւմ է այդ ուղեգիծը կամ Բայդենի թիմին կհաջողվի՞ մինչ Թրամփի երմնակալությունը տապալել Ասադին: Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի, թե՛ սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին:
Նոյեմբերի 27-ին ի՞նչ է կատարվել Դամասկոսում, մնում է գաղտնիք: Որոշ տեղեկություններով՝ Բաշար Ասադն այդ օրն «ընտանյոք հանդերձ թռել է Մոսկվա»: Դեկտեմբերի 1-ին նա իր նստավայրում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիին: Հայտնի է դարձել, որ Սիրիայում ՌԴ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել: Ավելի վաղ թուրքական մամուլում վարկած է շրջանառվել, որ Ասադը Սիրիայի մի հատվածում «ալավիների պետություն հռչակելու ծրագիր ունի»:
Տպավորություն է, որ Մոսկվան և Թեհրանը նրան «ստիպել են վերադառնալ Դամասկոսի նստավայր»: Իսկ Վաշինգտոնն ասում է, որ Ասադը պիտի հեռանա: Թրամփը կփոխի՞ այդ նարատիվը:
«Մենք ամերիկացի զրուցակիցներին ասել ենք, որ այդ տարածաշրջանին (Սիրիայի հյուսիս-արեւելքին) նույնքան զգայում ենք վերաբերվում, որքան իրենք: Ասել ենք, որ իրենց կողմից ճիշտ որոշում չի լինի, եթե շարունակեն պաշտպանել այդ կառույցին (քրդական փաստացի ինքնավարությանը): Միացյալ Նահանգների գիտի մեր վճռականությունը, իսկ Սիրիայի ահաբեկիչները լիովին կախված են նրանից: Եթե Միացյալ Նահանգները փակի թթվածինը, ապա նրանք երեք օր չեն դիմանա»-ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցից հետո տեղական լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև «քաղաքական գործընթացը պետք է հասնի ավարտին»: Հալեպի ուղղությամբ թուրքամետ ուժերի հարձակումից օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բացահայտել էր, որ MIT-ի տնօրենի պաշտոնում սիրիացի պաշտոնակիցների հետ հանդիպումներ է ունեցել և քննարկել ներսիրիական կարգավորման հեռանկարը:
Թուրքական մամուլը Էրդողան-Ասադ բանակցությունների ձախողման համար մեղադրում է Իրանին, մասամբ՝ նաև Ռուսաստանին, որ «Ասադի միջոցով Թուրքիային անընդունելի պահանջներ են ներկայացրել»: Արտգործնախարար Ֆիդանը փաստացի նույն «կշտամբանքը» հասցեագրում է Միացյալ Նահանգներին և ակնկալում, որ պաշտոնն ստանձնելով՝ Դոնալդ Թրամփը կկատարի դեռևս նախագահության առաջին շրջանում տված խոստումը և Սիրիայի հյուսիսից դուրս կբերի ամերիկյան սահմանափակ զորախումբը:
Այս համատեքստում թուրքական մամուլը տեղեկություն է հայտնել թուրքոման զինառյալների կողմից Հալեպում ՌԴ ռազմական խորհրդատուների գրասենյակը գրավելու, ռուսական զորախմբի սպառազինություններն առգրավելու մասին: Ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներն, ընդհակառակը, իրավիճակը ներկայացնում են այնպես, որ «զինաթափվել են Սիրիայի կառավարական և նրանց օժանդակով իրանական ստորաբաժանումները»:
Ակնհայտ է, որ Մոսկվան խուսափում է Սիրիայում իր ռազմական ներկայության հրապարակայնացումից: Թուրքական աղբյուրները, մինչդեռ, հայտնում են, որ Սիրիայում ռուսականզ որախմբի հրամանատար Կիսելը պաշտոնանկ է արվել, նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Չայկոն, որ այդ պաշտոնն զբաղեցրել է նաև 2017-2020 թվականներին:
Թուրքիայի հիշողության մեջ Չայկոն մնացել է 2020թ. մարտի 27 –ի հրամանով, որի հետեւանքով թուրքական կանոնավոր բանակի 33 զինվորական ռուսական ավիահարվածների զոհ է դարձել: Որեւէ խորհրդապաշտություն կա՞ Կրեմլի որոշման ենթատեքստում, թե՞ պարզապես «ազատ գեներալ չի գտնվել»՝ ենթադրության խնդիր է: Փաստ է, որ թուրքական մամուլն ակնարկում է Սիրիայում Մոսկվա-Անկարա դիմակայության բարձր հավանականության մասին, երբ ազդարարում է, որ «ապստամբական ուժերը մոտենում են ռուսական ռազմահենակայանին»:
Իրավիճակի գնահատման համար հետաքրքիր է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը. նա արաբական երկրների հետ կապերի և Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական է նշանակել ծագումով լիբանանցի միլիարդատեր Մասադ Բուլոսին: Վերջինս ապահովել է Թրամփի նախընտրական թիմի և ԱՄՆ-ում արաբական համայնքների կապը:
Թրամփի այդ նշանակումը չի հուշում, որ ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը բավարարելու է Անկարայի հավակնությունները: Իսկ առանց Միացյալ Նահանգների ուղղակի կամ գործուն միջնորդավորված մասնակցության Սիրիայի «վերաֆորմատավորում» հաստատ չի ստացվի: Սիրիայում թուրքական «մարշը» խիստ անհանգստացրել է նաև Իսրայելին:
Բաց մի թողեք
Բաքուն պատրա՞ստ է փոխանակումների, թե՞ Ադրբեջանի նպատակը բոլորովին այլ է
Անհավանական պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը. Ռուբիոն երդմամբ ստանձնել է պաշտոնը. Լուսանկար
Բլինքենին կփոխարինի Ռուբիոն. ԱՄՆ Սենատը հաստատել է նոր պետքարտուղարի թեկնածությունը