24/01/2025

Ռուսաստանի «անտեսումը» Թուրքիայի ռազմաքաղաքական ավելի խորքային ծրագրավորման բաղադրիչ է

Դեկտեմբերի 2-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Անկարայում բանակցությունների է վարել թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ:

Արաղչին Անկարա է մեկնել Դամասկոսից, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Իրանի արտգործնախարարի Անկարա ուղևորությունն այս ֆոնին ենթադրության տեղիք է տվել, որ Ասադը գիտակցում է թույլ տված սխալը, և ինքն է Թուրքիայի նախագահի հետ երկխոսության ազդակներ հղում:

Սիրիայի նախագահից ի՞նչ ուղերձ է Անկարա փոխանցել Իրանի արտաքին գործերի նախարարը, հայտնի չէ և հազիվ թե գաղտնազերծվի: Բանակցությունների ավարտին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան Սիրիայում հետագա բարդություններով շահագրգռված չէ, ինչը «թարգմանաբար» նշանակում է, որ Թուրքիան գոնե առերևույթ Բաշար Ասադին տապալելու խնդիր չի առաջադրում:

Բայց դա այս փուլում, որովհետև Ֆիդանը համարում է, որ Ասադը պետք է հաշվի առնի օրինական ընդդիմության շահերը և իր ժողովրդի հետ երկխոսություն սկսի: Նա հստակ ձևակերպել է, որ ճգնաժամի պատճառը վերջին տասներեք տարիներին չլուծված խնդիրներն են: Ֆիդանը, ընդսմին, հավաստիացրել է, որ Թուրքիան և Իրանը կհամատեղեն ահաբեկչության դեմ պայքարը: Թուրքական կողմը տարածաշրջանում «ահաբեկչական» է համարում բացառապես քրդական շարժումը:

Թուրքիայի արտաքին գործերը, սակայն, ավելի ինտրիգային հնարավորություն է անոնսավորել: Նա գտնում է, որ թուրք-իրանական համագործակցությունը պետք է ինստիտուցիոնալացվի: Այս առումով չափազանց կարևոր է, որ հարաբերությունների սերտացման քաղաքականություն են որդեգրել նաև Ադրբեջանը և Իրանը, բայց դա, երևի, առանձին դիտարկման թեմա է:

Ուշագրավ է, որ Ֆիդան-Արաղչի բանակցություններին զուգահեռ կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերն ահաբեկչական խմբավորումների դեմ հանուն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պայքարում Սիրիայի իշխանություններին միանշանակ աջակցություն են հայտնել:

Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում ասված է, որ Սիրիայի հարցում կողմերն իրենց քայլերը կկորդինացնեն Թուրքիայի ներգրավմամբ՝ Աստանայի պայմանավորվածությունների շրջանակներում:

Խոսելով Իրանի հետ համագործակցության և այն ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտության մասին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի և Աստանայի պայմանավորվածությունների մասին ոչինչ չի ասել: Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Սիրիայում իրավիճակի սրացմանը նախորդել է ռուսական կողմին Թուրքիայի ծանուցումը, որ ապառազմականացված գոտում համատեղ պարեկությունը դադարեցվում է:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը տեղյակ չէ՞ր, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի ներգրավվածությամբ քայլերը կոորդինացնելու անհրաժեշտությանը՝ համաձայն Աստանայի պայմանավորվածությունների: Խոսք, իհարկե, առարկայական-բառացի տեղեկացվածության մասին չէ, այլ՝ դիվանագիտական իրազեկվածության:

Տպավորություն է, որ Անկարան Մոսկվային հասկացնում է, որ Աստանայի պայմանավորվածություններն այլևս ակտուալ չեն, Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվել: Ընդ որում՝ Ֆիդան-Արաղչի հանդիպմանը զուգահեռ տեղեկություն է տարածվել, որ Իրաքից շիադավան ռազմական խմբավորումներ են մտել Սիրիայի տարածք և տեղաբաշխվել հյուսիս-արևելյան շրջաններում՝ աջակցելու կառավարական ուժերին: Այդ կազմավորումները փաստացի ենթարկվում են Իրանին, գործում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընդհանուր ղեկավարման ներքո:

Շատ հավանական է, որ Ռուսաստանի «անտեսումը» Թուրքիայի ռազմաքաղաքական ավելի խորքային ծրագրավորման բաղադրիչ է կամ հետագա բանակցություններում «դիրքային առավելության» լծակ: Ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագրի ստորագրումն ուշանում է: Անկարան Թեհրանին այլընտրա՞նք է առաջարկում: