Թուրքիայում կայացել է Նախիջևանում համազորային բանակի հրամանատար Քյանան Սեիդովի հանդիպումը Թուրքիանի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Սեյիդովը Նախիջևանի համազորային բանակի հրամանատար է նշանակվել 2024 թվականի հուլիսին: Ուշադրության է արժանի, որ այդ նշանակումը փաստորեն եղել է նախկին հրամանատար Քերեմ Մուստաֆաևի Իրան կատարած այցից հետո, որ տեղի էր ունեցել 2024 թվականի մայիսին:
Ի դեպ, գուցե ավելորդ չէ հիշել, որ այդ այցից օրեր անց ադրբեջանա-իրանյան սահմանին տեղի ունեցավ Ալիևի և Իրանի նախագահ Ռեյիսիի հանդիպումը, որից վերադարձի ճանապարհին էլ տեղի ունեցավ Իրանի նախագահի ուղղաթիռի ողբերգական վթարը: Նախիջևանի համազորային բանակի հրամանատար Սեյիդովը մինչև այդ պաշտոնին նշանակվելը եղել է Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, որը գործել է Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ:
Սեյիդովն ու Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարը քննարկել են համազորային բանակի շրջանակում ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունը խորացնելու հարցեր: Սա, ըստ էության, նշանակում է Նախիջևանի համազորային բանակի շրջանակում ավելացնել թուրքական ազդեցությունը կամ ներկայությունը:
Անկարայում տեղի ունեցած այդ հանդիպումն, ըստ էության, վերջին երկու օրվա ընթացքում թուրք-ադրբեջանական ռազմական երրորդ շփումն է: Հիշեցնեմ, որ նախօրեին Ադրբեջանում կայացել է պաշտպանության նախարար Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ, որի ընթացքում Հասանովը նրան է ներկայացրել Հայաստանի հետ սահմանի օպերատիվ իրավիճակը:
Անկարայում հանդիպել են Թուրքիայի պաշտպանության նախարարն ու Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավարը: Իսկ այսօր փաստորեն Անկարայում հանդիպել են Նախիջևանի համազորային բանակի հրամանատարն ու Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարը:
Այս ինտենսիվ շփումները, իհարկե, գուցե պայմանավորված են այսպես ասած տարեվերջյան տրամաբանությամբ, սակայն, այդուհանդերձ, դրանք ուշադրություն և մտահոգություն են առաջացնում իրենց ինտենսիվությամբ, հատկապես այն իրադարձությունների ֆոնին, որոնք ծավալվում են Մերձավոր Արևելքում:

Բաց մի թողեք
Էքզիթ-փոլեր. Գերմանիայի ծայրահեղ աջ AfD-ն հստակ առաջատար է Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար
Տասնյակ հազարավոր խորվաթներ բողոքի ցույց են անցկացնում վտանգավոր թափոնների աղբավայրի դեմ. Լուսանկար