15/01/2025

Հայաստանի վտանգավոր լռությունը

Ադրբեջանում նոյեմբերի 11-22-ն անցկացված COP-29-ի համաժողովից հետո այդ երկրի ղեկավարն ու նրա պաշտոնական շրջանակները նորից սկսել են կոշտացնել Հայաստանի նկատմամբ նախահարձակ եւ հավակնոտ հռետորաբանությունը, ինչն ամենեւին նման չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստ կողմի վարքագծի:

Հանդես գալով այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի այսպես կոչված՝ «Երկրորդ միջազգային ֆորումում», Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արեւմտյան ադրբեջանական համայնքի հետ եւ գործնական քայլեր ձեռնարկի նրա հիմնարար իրավունքները վերականգնելու համար»:

Ըստ նրա, այժմ աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ բախվում է բռնի տեղահանման խնդրին, որի արդյունավետ լուծումն անհնար է առանց միջազգային հանրության համատեղ ջանքերի։ Ալիեւը խոսում է անցած 80-ականների վերջերի եւ 90-ականների սկզբների հայտնի իրադարձությունների պատճառով Հայաստանը լքած հայրենակիցների մասին՝ շեշտելով նրանց «հիմնարար իրավունքների» վերականգնման հարցը:

Վերջին 2-3 տասնամյակների ընթացքում Ադրբեջանի նախագահն այդ թեման տարբեր հարթակներում բազմիցս արծարծել է՝ ի տաբերություն նույնական պահանջներ ունեցող Հայաստանի, որը խնդրո առարկա օրակարգ երբեք չի քննարկել եւ հակառակ կողմին նման պահանջներ չի ներկայացրել:

Մինչդեռ այդ առնչությամբ Հայաստանի ասելիքը կարող էր շատ ավելի ծանրակշիռ ու շատ ավելի փաստարկված լինել՝ ներառյալ ամենաթարմ փաստը՝ 2023-ի սեպտեմբերին 140 հազար արցախցիների բռնի տեղահանումն իրենց հազարամյա հայրենիքից, ինչը, ըստ էության, էթնիկ զտման դասական օրինակ է:

Իսկ 1980-90-ականների դեպքերին գալով՝ պետք է հիշեցնել մեր չարամիտ հարեւանին, որ Ադրբեջանից բռնագաղթված հայերի թիվը գրեթե եռակի ավելի էր ադրբեջանցի փախստականներից, որոնք, ի տարբերություն հայերի, շատ ապահով իրենց ունեցվածքը տեղափոխել կամ վաճառել են ու, բացի դրանից, ստացել համապատասխան փոխհատուցում, որի փաստաթղթային ձեւակերպումները պահպանված են:

Բաքվի պահանջատիրական կեղծիքը եւ, առհասարակ, ադրբեջանական ցանկացած կեղծ օրակարգ պետք է անվրեպ պատասխան ստանա Հայաստանի իշխանության համարժեք մակարդակով: Անպատասխան մնացած հերյուրանքը հանրորեն ընկալվում է որպես ճշմարտություն: Ադրբեջանից հնչող բազմաթիվ հերյուրանքներ ու կեղծ մեղադրանքներ ուղղակի անուշադրության են մատնվում, ինչը ե՛ւ անհասկանալի, ե՛ւ տարօրինակ, ե՛ւ վտանգավոր: Հատկապե՛ս վտանգավոր:

Տպավորություն է, թե հակառակորդի հնչեցրած, բայց անարձագանք մնացած այս կամ այն պահանջի առնչությամբ բարձր մակարդակով պայմանավորվածություն կա ձեռքբերված, ուստիեւ հայկական կողմը չի ընդդիմանում, գլուխը կախ կատարում է:

Ալիեւը՝ օգտվելով Հայաստանի լռությունից, առկա կամ ծագող խնդիրերը նենգափոխում է ոչ միայն հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում, այլեւ միջազգային հարթակներում: Նա շատ հանգիստ ամենուրեք առաջ է տանում իր ստերը, գիտի, որ Փաշինյանը ձայն չի հանելու:

Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը հետեւողականորեն թելադրում է իր խնդիրներն ու պահանջները, իսկ հայկական կողմը, ի դեմս վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, հանձն է առնում դրանք աստիճանաբար,- որպեսզի շատ աչք չծակի,- իրականացնել: Դա պարզ երեւում է Փաշինյանի որոշ հայտարարություններից, որոնց բովանդակությունը, կարծես թե, Ալիեւի խոսույթի ու մտքերի արտացոլանքն է:

Այդպիսի ներդաշնակության օրինակները բազմաթիվ են, բայց հոդվածը չծանրաբեռնելու համար կբավարարվենք մի քանիսի հիշատակմամբ: ՀՀ Սահմանադրության տեքստում Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, իբր, տարածքային հավակնությունների առկայության հենքին՝ տուրք տալով Ալիեւի դժգոհություններին, Փաշինյանը նախ՝ Անկախության հռչակագրի եւ Մայր օրենքի նսեմացման թեմա բացեց, որին ժամանակ առ ժամանակ անդրադառնում է տարբեր դիտանկյուններից, ապաեւ նոր Սահմանադրություն ընդունելու որոշում կայացրեց:

Հռչակագրի խնդիրն անհամեմատ բարդ է, այն գրչի մի հարվածով չես լուծի՝ այստեղ գործ ունենք պետության ծննդյան վկայականի հետ, որքան էլ Փաշինյանն այն քամահրանքով «կադաստրի թուղթ» կոչի:

Դա նրա կողմից ՀՀ Անկախության հռչակագիրը, որն ամեն հայի հպարտության առարկան է, անվանարկելու առաջին քայլն էր: Հաջորդիվ նա չափն անցավ՝ հայտարարելով, թե մեր Հռչակագիրը պետության չգոյության մասին է: Ու այդպես Ալիեւ-Էրդողան զույգի ճաշակով ու ցանկությամբ հերթը պետական խորհրդանիշներին հասավ, ինչպես նաեւ՝ «Արարատ-Արագած», «Պետություն-Հայրենիք», «պատմական Հայաստան-իրական Հայաստան» հակադրություններին:

Վերջերս էլ հրապարակ նետեց նոր բանավեճի օրակարգ՝ Արցախի հարցը համեմատելով իննամսյա անպտուղ հղիության հետ, իսկ «ազգ-բանակ» բանաձեւը դիտարկելով որպես աշխարհի կողմից Հայաստանին «ազգ-նահատակ» ընկալելու խթան:

Այդպիսով՝ մինչ Փաշինյանը մարդկանց գլուխները լցնում է խրթին, խառնիճաղանջ ու սնամեջ դատողություններով, իսկ դրանցից ազատ ժամանակն անցկացնում հեծանիվ քշելով կամ տիկնոջ ու դստրերի հետ արտասահմանյան «վոյաժների» մեկնելով, Իլհամ Ալիեւը նրա քթի տակ զորավարժանքներ է անցկացնում, շարունակ թարմացնում իր զինապահեստները եւ ակնհայտորեն նախապատրաստվում նոր ռազմական արկածախնդրության:

Ո՞ւմ կամ ինչի՞ վրա է հույսը դրել մեր Գերագույն գլխավոր քաջնազարը, որի դեմքին մտահոգության, խանդի ոչ մի նշան չի ուրվագծված: Անգամ սիրիական աշխարհացունց դեպքերից հետո:

Հայաստանի վաղվա օրը անորոշության մշուշով է պատված: Ալիեւը ՀՀ ղեկավարությանն ուղղորդում է բանակցություններ սկսել «Արեւմտյան Ադրբեջան» հորջորջվող համայնքի հետ, ինչը կնշանակի անհայտ, ապօրինածին ինչ-որ կազմավորման պաշտոնական ճանաչում:

Ավելի մեծ նվաստացում միջպետական հարաբերություններում դժվար է երեւակայել, ավելի շառաչյուն ապտակ Փաշինյանը Ալիեւից չէր «կերել», էլ չասած պատվի ու արժանապատվության բացահայտ ոտնահարման մասին: Փաշինյանը հասկացա՞վ իր ստորացման դրդապատճառը: Հազիվ թե: Սա «Արեւմտյան Հայաստան» եւ «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունների միջեւ հավասարության նշան դնելու հետեւանքն է: Վայելի՛ր:

Գեւորգ Բրուտենց; Հայացք Երևանից