15/01/2025

Արագածոտնի մարզպետի օգնականին բերման են ենթարկել․ ո՞վ է, ի՞նչ է հայտնի

Քիչ առաջ բերման է ենթարկվել Արգածոտնի մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանը։ 

Ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը մեքենայում և գրպանում թմրանյութի հայտնաբերումն է։

Մեր ստացած տեղեկությունը փորձեցինք պարզել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանից։ Նա նշեց՝ քիչ առաջ է նման բան լսել, այն էլ՝ մամուլից. «Հիմա փորձում եմ ճշտել՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»։

Հարցին, թե արդյո՞ք աշխատավայրում է ինքը, եթե այո, ապա իր օգնականին տեսե՞լ է, Մովսիսյանը պատասխանեց՝ նշելով․ «Հո բոլոր օգնականներիս ամեն օր չեմ տեսնում»։

Հարցին՝ կոնկրետ Մարկոսյանի հետ այսօր կապի եղե՞լ է, Մովսիսյանը պատասխանեց՝ ոչ։ «Սպասենք էլի, եթե նման բան կա, ապա քիչ հետո հաղորդագրություն կլինի էլի»,- նշեց նա։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք տեղեկություն ունի, ինչ գործով կարող էին բերման ենթարկել, Մովսիսյանը պատասխանեց՝ բացարձակ տեղեկություն չունի։

Տեղեկացնենք, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հաստատեցին մեր լուրերը. «Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար»։