21/01/2025

Ինչ է ասել Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ում հետ է հանդիպել Սուրեն Պապիկյանը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կրկին հայտարարել է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության մասին:

«Կոչ եմ անում Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այդ երկրի հետ, որի հետ Ֆրանսիան շատ կապված է: Մենք պետք է կրկին Հայաստանին տրամադրենք այն ամբողջ աջակցությունը, որի վրա նա իրավունք ունի հույս դնել»,-ասել է արտգործնախարարը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում:

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնությն հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:

Կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այդ հարցերի շուրջ: