21/01/2025

Նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ․ պարզաբանում

Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարցումների՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ:

Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում:

Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր. Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01:55-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում:

Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և այն ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են, և կա տեսագրություն, իսկ հրկիզման հետևանքով Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ Մարիամ Վ.-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ: