Դեկտեմբերի 20-ին շարունակվել է Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործի քննությունը:
«Մեղքից չեմ խուսափում, ցանկացել եմ վառարանը վառեմ, էդ ընթացքում Ռադիկն էլ է եղել իմ կողքին, Լևոն Խառատյանն էլ, բայց ես եմ ցանկացել վառարանը վառել»,- դատարանի դահլիճում հայտարարել է գործով առանցքային մեղադրյալ Եղիշե Հակոբյանը:
Նա այլ մանրամասներ էլ է ներկայացրել դեպքի պահից:
«Խառատյանը մինչև վերջ մնաց կողքիս, ուզեց բուշլատով հանգցնել կրակը, էդ պահին այրվածք եմ ստացել, չեմ նկատել, որ Ռադիկը բռնկման ընթացքում դուրս է եկել տնից։ Ես տեսել եմ, որ Լևոնն էլ, Ռադիկն էլ ցանկացել են հանգցնել, բայց հետո դուրս են եկել՝ տեսնելով, որ հնարավորություն չունեն կրակը հանգցնել»,- պատմել է Հակոբյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ռադիկն ակնթարթորեն դուրս է եկել, իսկ անձնակազմը քնած է մնացել, մեղադրյալը պատասխանել է. «Դուրս եմ եկել՝ մտածելով, որ անձնակազմը տարհանվում է։ Ձայները անհնարին ա, որ լսած չլինեն։ Կրակը ննջարան ամենավերջում ա մտել, եթե շմոլ գազ է եղել, երկու զինծառայողները զարթնել են, թե մնացածն ինչո՞ւ չեն զարթնել, ինձ համար էլ է անհասկանալի»։
Տուժողներից մեկի՝ եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն, հարցին, Հակոբյանը պատասխանել է․ «Երևի, չեմ կարող ասել»։
Հիշեցնենք՝ Ազատ գյուղի կացարանում հրդեհը տեղի էր ունեցել 2022-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը: Այնուհետև պարզ դարձավ, որ, ըստ պաշտոնական տվյալների, կացարանում հրդեհը բռնկվել է կապիտանի կողմից բենզինը վառարանը լցնելու հետևանքով։
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Հրդեհի գործով կալանավորվել է մեղադրյալ կապիտանը:
15 զոհված զինծառայողների գործով թմրաբանական փորձաքննություն էր նշանակվել, միայն մեկի մոտ հայտնաբերվել էին որոշակի հետքեր։
Բաց մի թողեք
Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին
Վովայի՝ Արշակ Հակոբյանի գործով դեռևս եզրափակիչ դատական ակտ չկա․ մանրամասներ
Առուշ Առուշանյանի պատիժը խստացվել է