13/01/2025

Ուկրաինայի 8 – 10 հազար հայ է մասնակցում պատերազմին

Ուկրաինայում հայերի միության շտաբի պետ Դավիթ Մկրտչյանը Հրապարակի հետ զրույցում ասաց, որ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող մոտ 8-10 հազար հայ է կռվում Ուկրաինայի բանակում, եւ դա հսկայական թիվ է, սակայն իրենք չեն կարողանում ստուգել դրա իսկությունը, քանի որ Ուկրաինայի պաշտպանության բանակի տվյալները՝ պատերազմով պայմանավորված, հասանելի չեն` գաղտնի տեղեկատվություն են։ 

«Պատերազմը կվերջանա՝ շատ բաներ կբացահայտվեն։ Պատերազմից հետո, բնականաբար, ցուցակները կլինեն, կիմանանք՝ 5 հազար են եղել, 3 հազար, թե` 10 հազար։ Ես՝ ինքս, վոլոնտյոր եմ` կամավոր, պատերազմից հետո անպայման կբացահայտենք, թե Ուկրաինայի հայությունն ինչպիսի օգնություն է ցուցաբերել։ Հայկական համայնքն ակտիվ է ու գործում է»,- ասաց նա։

Ազգությամբ հայ 79 անձ է զոհվել Ուկրաինայում, հետաքրքրվեցինք` հայկական համայնքների հետ կապ պահո՞ւմ են, որտե՞ղ է ամենածանր դրությունը։ Ասաց, որ բոլոր հարցերն իրենք լուծել են դեռեւս 2 տարի առաջ։ «Մենք հիմա ծանր վիճակում գտնվող հայեր, որոնք անընդհատ գտնվում են ռմբակոծման կամ հրթիռակոծման դաշտում՝ չկա նման բան։ Որքան կարողացել ենք, հոգսերը տարել ենք, օգնել ենք, տուժածներ, այո, կան, որոնք անտուն են մնացել, բայց մեր օգնությամբ Ուկրաինայում մնալու տեղ են գտել, կա՛մ Եվրոպա են դուրս եկել, կա՛մ էլ օգնել ենք` Հայաստան են եկել։ Սա 2022 թվականը չէ, որ շատերի մասին չգիտենք, հետո ենք բացահայտում եւ այլն։ Այն ժամանակ 24 ժամ 7 օրվա կտրվածքով աշխատում էինք` թե՛ օֆիսում, թե՛ հեռախոսով»։ Իհարկե, կան վատ ապրող հայեր, որոնց իրենք օգնում են, կամ նրանք պետական աջակցության ծրագրերում են ներառված։ Ովքեր Ուկրաինայում վարձով էին ապրում, մեկնել են Եվրոպա, ովքեր անշարժ գույք ունեն, բիզնեսներ, վերադարձել են Ուկրաինա։ Իսկ ինչպե՞ս է Ուկրաինայի հասարակությունը վերաբերվում պատերազմն ավարտվելուն, բանակցություններ սկսվելուն։ Ասաց, որ տարբեր կարծիքներ կան, սակայն ուկրաինացիները վստահ են, որ հաղթելու են պատերազմում։ «Մարտական ոգին դեռ բարձր է»,- ասաց Մկրտչյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է այժմ ուկրաինացիների վերաբերմունքը հայերի նկատմամբ, ժամանակին Ադրբեջանին ողջունում էին՝ մեզ հաղթելու կապակցությամբ: «Հասարակ ժողովրդի վերաբերմունքը հայ անձի հանդեպ ահավոր բարձր է, չեք պատկերացնի, թե ինչ բարձր կարծիքի են մեր մասին։ Շարքային ուկրաինացին գիտի, որ հայերն առաջինն են քրիստոնեությունն ընդունել, շատ բաներ գիտեն: Բայց երբ խոսում ենք պետության վերաբերմունքի մասին. երբ Զելենսկին 2018-ին եկավ իշխանության, հայտարարեց, որ իր շրջապատում մի 30 հայ կա, ու ինքն անպայման այցելելու է Երեւան, բայց այցելեց Ադրբեջան, չեկավ Հայաստան։ Դա նշանակում է, որ իրենց քաղաքական կուրսն անփոփոխ էր, որովհետեւ իրենք Հայաստանը համարում էին պրոռուսական սատելիտ երկիր, բայց վերջին երկուսուկես տարվա մեջ շատ բան է փոխվել, մեզ էլ Ռուսաստանի սատելիտ չեն ասում, հակառակը՝ բարձրաստիճան դիվանագետներն ասում են, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, Հայաստանի հետ պետք է հաճախակիացնել շփումները»,- եզրափակեց Դավիթ Մկրտչյանը։