17/01/2025

Ադրբեջանից առ այս պահը չի ասվել, որ իրենք ևս չունեն Հայաստանի հանդեպ որևէ մտադրություն

Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի հերթական պատվիրակությունը, այս անգամ ցամաքային զորքի հրամանատար Սելջուկ Բայրաքթարի գլխավորությամբ: Վերջին օրերին սա թուրք-ադրբեջանական ռազմական բարձրաստիճան շփումների հերթական դրսևորումն է:

Ընդ որում, Սելջուկ Բայրաքթարի այցը ուշագրավ է նրանով, որ այդ թուրք գեներալի հետ Անկարայում օրեր առաջ հանդիպել էր Նախիջևանի համազորային բանակի հրամանատարը: Դրանից հետո Բայրաքթարը ժամանել է Բաքու և հանդիպել պաշտպանության նախարար Հասանովի հետ, առանձին հանդիպումներ ունեցել Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի եւ պաշտպանության նախարարի խորհրդականի հետ:

Հասանով-Բայրաքթար հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հիշեցրել է այսպես կոչված՝ «Շուշիի հռչակագրի» մասին, ասելով, թե կարևոր է դրա իրագործման հետ կապված միջոցառումների իրականացումը:

Այդ հռչակագիրը, որ ստորագրվեց 2021 թվականի հունիսին օկուպացված բերդաքաղաքում, արտահայտում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցության և փոխօգնության կետեր: Դրա՞նց կարևորության մասին է ակնարկել Հասանովը, հիշեցնելով այդ հռչակագիրը:

Ադրբեջանա-թուրքական վերջին օրերի ինտենսիվ ռազմական շփումներն ու պատվիրակությունների փոխայցերը անշուշտ մտահոգության առարկա են, հատկապես այն ապակառուցողականության ֆոնին, որ բավականին սուր դրսեւորվում է Հայաստանի հետ գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի հռետորաբանությունում:

Պաշտոնական Երևանն իհարկե, որ Cop29-ից հետո հնարավոր լարվածության ռիսկի մասին էր բարձրաձայնում դեռեւս հունիսին, նաև սեպտեմբերին, այսօր ըստ էության չի արտահայտվում այդպիսի ռիսկի մասին, համենայն դեպս այնպիսի ուղիղ տեքստով, ինչպես այդ ժամանակահատվածում:

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանը չունի Ադրբեջանի հանդեպ որևէ ռազմական գործողության մտադրություն, ինչը թերևս պարզ է գործնականում բոլորի համար: Միաժամանակ նա նկատեց, որ, եթե Ադրբեջանն էլ չունի Հայաստանի հանդեպ այդպիսի գործողության մտադրություն, ապա էսկալացիայի հավանականությունը զրո է:

Նկատենք այդ առնչությամբ, որ Ադրբեջանից առ այս պահը չի հնչել որևէ մակարդակից հայտարարություն, որ իրենք ևս չունեն Հայաստանի հանդեպ որևէ այդպիսի մտադրություն: