23/01/2025

ԱՄՆ արձագանքը կմեղմի արդյոք Ադրբեջանին

«Միացյալ Նահանգներն Հայաստանին ու Ադրբեջանին իր անվտանգային աջակցությունն այնպես է հաշվարկում, որպեսզի վստահ լինի, որ այն հարձակողական նպատակներով կիրառելի չէ ու չի խաթարում կամ խոչընդոտում կայուն և արժանապատիվ խաղաղության շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Հայաստանին զինելու համար ԱՄՆ-ի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքի վերաբերյալ հարցադրմանը:

Իլհամ Ալիևը ռուսաստանյան պրոպագանդիստ Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ զինում է Հայաստանին և այդպիսով նպաստում «ռևանշիստական նկրտումներին»: Նահանգները փաստորեն արձագանքում է, որ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող պաշտպանական աջակցությունը հաշվարկված է այնպես, որ չկիրառվի մյուսի դեմ հարձակողական նպատակներով:

Ըստ էության՝ այլ պատասխան, թերևս, չէր էլ ակնկալվում: Բայց, բուն հարցը նաև այն է, որ միջազգային դերակատարներից ակնկալվող արձագանքը պետք է լինի առավել հասցեական, այն իմաստով, որ արձանագրվի պաշտպանության նպատակով սպառազինվելու Հայաստանի միջազգային իրավունքը:

Ադրբեջանի «մեղադրանքներում» էականը հենց այդ հանգամանքն է, այսինքն՝ այն, թե Հայաստանն իբրև թե խախտում է միջազգային իրավունքը, իր սպառազինությամբ հավակնում է Ադրբեջանի հանդեպ ոչ իրավաչափ գործողությունների: Ադրբեջանի հենց այդ մտացածին մեղադրանքներն են, որ պետք է ստանան միջազգային դերակատարների հասցեական արձագանքը և արձանագրումը, որ Հայաստանը իր պաշտպանական համակարգը վերակառուցելիս, չի խախտում միջազգային որևէ իրավունք և չի իրականացնում Ադրբեջանի հանդեպ ոչ իրավաչափ որևէ որոշում:

Բաքվի մեղադրանքների բուն թիրախը բոլորովին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, կամ Հայաստանին որևէ պաշտպանական օժանդակություն տրամադրող որևէ այլ սուբյեկտ չէ: Դա այսպես ասած ընթացիկ խնդիր է:

Ադրբեջանն իր մեղադրանքները հնչեցնում է, որպեսզի դրանց պատասխաններով իրավիճակը «մաղվի» և տակը մնա այսպես ասած չոր նստվածքը՝ Հայաստանի գործողությունների ոչ իրավաչափության, միջազգային իրավունքին հակասող նկատառումների ու նկրտումների բարձրաձայնումը:

Ըստ էության, միջազգային արձագանքով պետք է չեզոքացվի հենց դա: Դա է Ադրբեջանի «մեղադրանքների» մեխը: Ըստ այդմ` հենց դրա չեզոքացմանն ուղղված հասցեական արձագանքներ ստանալու ուղղությամբ պետք է աշխատի հայկական դիվանագիտությունը: