27/12/2024

Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. Լուսանկար

Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շարունակելով այդ թեմայի ուսումնասիրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր Ազգային ժողովի նախագահին հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հղել ենք հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ ԱԺ-ից, կարծես, փորձել են թաքցնել որոշ տվյալներ։

Անցած ամսվա ավարտին Ձեր տիկնոջ հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել Ազգային ժողովի աշխատակազմում Ձեր կողմից «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գևորգյանը։

Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել պարոն Գևորգյանի վերաբերյալ ստորև շարադրված հարցերին:

1. Ո՞ր երկրի քաղաքացի է Համլետ Գևորգյանը:

2. Աշխատանքային ինչպիսի՞ գրաֆիկով է աշխատում (խնդրում եմ նշել աշխատանքի հաստիքով պայմանավորված հաճախելիության ժամանակացույցը):

3. Ի՞նչ հաստիքով է նա աշխատում և ե՞րբ է այդ հաստիքը ձևակերպվել:

4. Որքա՞ն աշխատավարձ է ստանում:

5. Ի՞նչ գործառույթ է իրականացնում:

6. Ի՞նչ կրթություն ունի, ե՞րբ է ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունն ու ստացել ավարտական դիպլոմ և ի՞նչ մասնագիտությամբ:

7. Ի՞նչ մեքենա է վարում:

8. Արդյոք Ազգային ժողովում նրան ծառայողական ավտոմեքենա տրամադրվե՞լ է, թե՞ ոչ:

9. Արդյոք ճշմարտությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ Համլետ Գևորգյանին սպասարկող մեքենան օպերատիվ պետհամարանիշերով է:

10. ԱԺ նախագահի խորհրդատու-օգնականի հաստիքում, իր աշխատանքից բացի, որևէ այլ գործունեությամբ զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ, մասնավորապես համերգների կազմակերպում, աշխատանք ձեռնարկատիրական գործունեության ոլորտում:

11. Քանի՞ օրով է Համլետ Գևորգյանը արձակուրդ վերցրել և մեկնել ԱՄՆ:

Թվարկված 11 հարցերին ի պատասխան ստացել ենք մի խղճուկ ձևակերպում, թե «Համլետ Գևորգյանը 2021 թվականի օգոստոսի 3-ից մինչ օրս աշխատում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի գրասենյակում` որպես խորհրդատու-օգնական՝ աշխատաժամանակի նորմալ տևողությամբ։

Հավելենք նաև, որ Համլետ Գևորգյանի զբաղեցրած հաստիքը ձևակերպվել է 2021 թվականի հուլիսի 30-ին՝ ԱԺ նախագահի՝ 30.07. 2021 թվականի Կ-98-Ա կանոնադրության համաձայն։

Համլետ Գևորգյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները։

Նշենք, որ Համլետ Գևորգյանին ԱԺ ծառայողական մեքենա տրամադրված չէ։

Տեղեկացնում ենք, որ Համլետ Գևորգյանին արձակուրդ տրամադրվել է 2024 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 12-ը՝ 14 աշխատանքային օր», – ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Հարկ է նշել, որ պատասխանը թերի է, քանի որ ԱԺ-ից խուսափել են պատասխանել, թե օրինակ ինչ կրթություն ունի Համլետ Գևորգյանը, ստացել է արդյոք բարձրագույն կրթություն, թե ոչ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ու սեփական միջոցները խառնել է իրար. նա իր խորհրդական-օգնականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել:

Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գեւորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի եւ նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։

Գաղտնիք չէ, որ Մարիամ Մարգարյանը եւ Էրիկ Կարապետյանը համագործակցում են։ Կարապետյանի երեւանյան վերջին համերգը կազմակերպել էր Մարիամ Մարգարյանի «ԷՖԷՄԷՖ գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին:

Կրկին նկատենք, որ Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդականը, որը պետբյուջեից բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ԱԺ նախագահին օգնելու եւ խորհուրդներ տալու համար, փաստացի ծառայություններ է մատուցում նրա տիկնոջը»:

Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ»