Հերթական խելահեղ տարին ամփոփելիս առանձնակի ցավով ենք արձանագրում մասմեդիայի մեծ ընտանիքի կրած կորուստները։ Մարդիկ, որոնք չեն խնայել իրենց կյանքը իրադարձություններ լուսաբանելիս, շատ հաճախ՝ սեփական կյանքը վտանգելով: Եվ այսպես, աշխարհում որքա՞ն լրագրող է զոհվել 2024 թվականին։
Այս տարի աշխարհում 68 լրագրող եւ լրատվամիջոցների աշխատակից է սպանվել՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս․ հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Դեպքերի ավելի քան 60%-ը տեղի է ունեցել զինված հակամարտությունների մեջ գտնվող երկրներում, ինչն ամենաբարձրն է վերջին 10 տարվա ընթացքում։ 42 սպանությունից 18-ը տեղի է ունեցել պաղեստինյան տարածքներում, 4-ը՝ Ուկրաինայում եւ Կոլումբիայում, 3 սպանություն՝ Իրաքում, Լիբանանում, Մյանմայում եւ Սուդանում, մեկական լրագրող էլ սպանվել է Սիրիայում, Չադում, Սոմալիում եւ Կոնգոյում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգծում է, որ վերջին 2 տարում ավելի շատ լրագրողներ են սպանվել հակամարտությունների ժամանակ, քան 2016-ից ի վեր ցանկացած այլ երկամյա հատվածում։ Չնայած տխուր վիճակագրությանը, այս տարի սպանված լրագրողների թիվն ավելի քիչ է, քան 2023-ին (74 անձ) եւ 2022-ին (88 զոհ): Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնում է, որ բացառված չէ՝ այդ թիվը լինի ավելին:
«Արժանահավատ տեղեկատվությունը կենսական նշանակություն ունի հակամարտությունների ժամանակ տուժած բնակչությանն օգնելու եւ աշխարհին կրթելու համար,- նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։- Անընդունելի է, որ լրագրողներն իրենց կյանքով վճարեն այս աշխատանքի համար: Ես կոչ եմ անում բոլոր պետություններին՝ ակտիվացնել իրենց ջանքերը՝ ապահովելու լրատվամիջոցների աշխատողների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան»։
Սպանությունների վիճակագրությունը հակամարտություն չունեցող երկրներում վերջին 16 տարում եղել է ամենացածրը. ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 26 դեպք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ենթադրում է, որ դա կարող է պայմանավորված լինել լրագրողների դեմ հանցագործությունների դեմ պայքարի առաջընթացով։ Սա հատկանշական է Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում, որտեղ 2024 թվականին գրանցվել է 12 լրագրողի սպանություն՝ նախորդ տարվա 18-ի եւ 2022-ի 43-ի համեմատ։ Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալները վերաբերում են գրանցված դեպքերին։
Ի դեպ, ավելի վաղ վիճակագրություն էր հրապարակել նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը, որի տվյալներով՝ 2024-ին 17 երկրում սպանվել է առնվազն 54 լրագրող, որոնց գրեթե կեսը զոհվել է մարտական գոտում։ Ամենաշատ լրագրողներ՝ 16 մարդ, զոհվել են Գազայի հատվածում մարտերը լուսաբանելիս։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պնդում է, որ նրանք զոհվել են իսրայելցի զինվորականների գործողությունների հետեւանքով։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ լրագրողների սպանությունները դիտավորյալ չեն եղել։
Անցյալ ամսվա սկզբին էլ ԱՄՆ Պետդեպը հայտարարություն տարածեց՝ նվիրված լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրվան: «Ազատ եւ անկախ մամուլը ժողովրդավարության կարեւոր հենասյունն է»,- նշել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ հավելելով, որ «անաչառ լրագրողները կարեւոր են՝ հասարակությանը տեղեկացված, իսկ կառավարությանը հաշվետու պահելու համար, հատկապես ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների ժամանակ»։ Միլլերի խոսքով, «չափազանց շատ լրագրողներ ամբողջ աշխարհում հետապնդվում են իրենց ռեպորտաժների համար»։
Ամփոփելով այս ցավալի կորուստները, նշենք, որ թվերը, անշուշտ, խոսուն են ու մտահոգիչ։ Ցավալին այն է, որ մարդկանց իրավունքները պաշտպանող, այդ թվում՝ նրանց կյանքի իրավունքի համար կենաց-մահու պայքար մղող լրագրողներն իրենք են դառնում անպաշտպան, խոցելի եւ զրկվում կյանքից։ Իհարկե, լրագրողի բարդ ու պատասխանատու, կարեւոր ու վտանգավոր աշխատանքն ընտրելիս մենք՝ իբրեւ այդ առաքելության կրողներ, գիտակցում ենք ռիսկերը, բայց մասմեդիայի ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտում են ոչ միայն ռազմական գործողությունների, հանցավոր միջադեպերի եւ այլ իրադարձությունների ժամանակ հայտնված մահացու «գնդակները», այլեւ քաղաքական ու իշխանական բռնաճնշումները, այդ թվում՝ Հայաստանում։ Դեպքեր՝ որքան ասես։
Բաց մի թողեք
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, զուգարանի թղթից, արգելել են նստել, գրել-կարդալ, լվացվել․ BBC
Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից, չեն փրկվի ցավոք չակատագրից․ Ում է սպառնում Էրդողանը