21/01/2025

Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում․ ինչ անուն է ունենալու այն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։

Այս մասին հայտնել է ինքը՝ Աղազարյանը։

«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։

Կուսակցության անվանումը լինելու է՝ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»- ՄԱՍԿ։

Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին»,- հայտարարել է նա։

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից:

Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:

Հովիկ Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: