13/01/2025

Որքանո՞վ է ազնիվ Նիկոլ Փաշինյանը․ ինչո՞ւ դեռևս 2019-ին չի հայտնել ժողովրդին կարգավորման պլանի գոյության մասին

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի պատմության, մասնավորապես 44-օրյա պատերազմին «բերած» իրադարձությունների և իրողությունների դիտարկման համատեքստում հաճախ հնչող հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019-ին չի հայտնել ժողովրդին կարգավորման պլանի գոյության մասին, որ ներկայացրել է ՌԴ արտգործնախարարը:

Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ իր հայտարարություններով, ըստ էության, տվել է այդ հարցադրման տեղիք՝ ասելով, թե իր սխալը եղել է այն, որ 2018-ից հետո ժամանակին չի հայտնել կարգավորման իրավիճակը հանրությանը:

Սակայն, որքանո՞վ է ազնիվ Նիկոլ Փաշինյանն այդ գնահատականի հարցում՝ իր իսկ գործողություններին տված գնահատականի, և որքանո՞վ է նա սխալի խոստովանություն անում պարզապես հետպատերազմմյան ընթացիկ վիճակի կոնյուկտուրայից ու հաշվարկներից ելնելով: Հարցն ամենևին այն չէ, սա սխալ է եղել, թե ճիշտ: Պարզապես փորձենք պատկերացնել, մոդելավորել իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը ներկայանում էր հանրությանն ու ասում, որ արվում է կարգավորման հետևյալ առաջարկը, որը, բնականաբար, ենթադրելու էր Արցախի շուրջ եղած անվտանգության գոտու առնվազն հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին, և անկասկած դարձյալ որոշակի բաղադրիչներ, որոնք նվազեցնելու էին հայկական ազդեցությունը:

Ինչպիսի՞ն էր լինելու հանրության արձագանքն այդ պլանը մատուցող Նիկոլ Փաշինյանին: Նրան ավելի շատ ծափահարելո՞ւ էին, թե՞ հակառակը: Հազիվ թե ռացիոնալ և լուրջ հիմքեր կան եզրակացնելու, թե ավելի շատ էին լինելու ծափահարողները, կամ՝ նույնիսկ դրանց թիվը համեմատելի էր լինելու «չծափահարողների» հետ: Այդ դեպքում ի՞նչ պետք է աներ Փաշինյանը:

Կամ պետք է հեռանար իշխանությունից՝ ասելով, որ չի ուզում ստանձնել պլանի մերժումից հետո հնարավոր մարտահրավերների պատասխանատվությունը, կամ պետք է ընդուներ մերժումը և այդ կերպ փաստորեն ոչ միայն Փաշինյանը, այլև ամբողջ Հայաստանն էր հայտնվելու պատասխանատվության տակ՝ պատերազմ «ընտրելու» պատասխանատվության տակ:

Հասկանում եք ծուղակը, որ ակնհայտորեն գոյություն ուներ ամենավերևում հիշատակածս հարցադրման պարագայում: Այո՛, քաղաքական նկատառումներով կարող են հնչել ամենատարբեր հայտարարություններ ու հարցադրումններ, սակայն հանրության խնդիրն է չտրվել դրանց, այլ փորձվել հասկանալ դրանք ըստ էության, պատկերացնել դրանցից բխող մոդելները, որովհետև միայն այդ կերպ է հնարավոր չհայտնվել որևէ նոր կամ հին ծուղակում:

Այդ դեպքում հարց կառաջանա բնականաբար, ուրեմն դատապարտվա՞ծ էր իրավիճակը: Բնականաբար՝ ոչ: Եվ այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանին ուղղված բոլոր հարցադրումներն ու դիտողությունները, մեղադրանքները և պատասխանատվություն ենթադրող հարցադրումները միանգամայն տեղին են:

Պարզապես, տեղին չէ հարցը, թե ինչո՞ւ նա 2019-ին չի ներկայացրել պլանը հանրությանը: Այդ հարցադրումը չունի էական ՕԳԳ, որովհետև դա չէր պատերազմից խուսափելու ճանապարհը, և դա չէր էլ կարող լինել: Ավելին, դա լինելու էր պատերազմի պատասխանատվությունը հայ ժողովրդի վրա թողնելու «ֆորմալ» ճանապարհ: