17/01/2025

2025 թ. նվազագույն ջերմաստիճանը կգրանցվի մեկ-երկու օր և այլ մանրամասներ եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան

2025 թվականին նվազագույն ջերմաստիճանը կգրանցվի մեկ-երկու օր՝ ցուրտ օդի ալիքների ներխուժման դեպքում։

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

«Այսպիսով՝ Շիրակում կդիտվի -14-ից -18, Կոտայքի լեռնային գոտիներում՝ -12-ից -16, նախալեռնային հատվածներում՝ -7-ից -10, Գեղարքունիքում՝ -14-ից -17, Տավուշում՝ -6-ից -10, Լոռիում՝ -11-ից -15։ Արագածոտնի լեռնային գոտիներում՝ -14-ից -17, նախալեռնային հատվածներում՝ -7-ից -10

Արարատյան դաշտում՝ -7-ից -10, Վայոց ձորի լեռանային գոտիներում՝ -12-ից -15, նախալեռնային հատվածներում՝ -6-ից -10։ Սյունիքի հովտային գոտում՝ -4-ից -7, նախալեռնային հատվածներում՝ մինչև -12-ից -15»,- մանրամասնեց նա։ Սուրենյանի խոսքով՝ Երևանում էլ կգրանցվի -8-ից -10 աստիճան։

2025-ի հունվարը բավական տաք կլինի։ Նրա խոսքով՝ ջերմաստիճանը 3-5 աստիճանով ավելի բարձր կլինի նորմայից, տեղումները կլինեն նորմայից ցածր։ Ամսական միջին ջերմաստիճանը, նրա խոսքով, նորմայից բարձր կլինի հանրապետության ողջ տարածքում, տեղումների քանակը՝ նորմայից պակաս. «Հանրապետությունում տաք օդի ալիքները ամսվա ընթացքում բավականին շատ կլինեն․ Շիրակում ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 7 աստիճան, Կոտայքի լեռնային գոտիներում՝ 4-ից 7 աստիճան, նախալեռնային հատվածներում՝ 8-ից 10 աստիճան։ Գեղարքունիքում՝ 4-ից 8 աստիճան, Լոռիում կգրանցվի 12-ից 15 աստիճան տաքություն, Տավուշում՝ 14-ից 18։ Արագածոտնի լեռնային գոտիներում՝ 4-ից 7, նախալեռնային հատվածներում՝ 6-ից 10։ Արարատյան դաշտում կլինի 9-ից 11 աստիճան տաքություն, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ 4-ից 8, նախալեռնային հատվածներում՝ 10-ից 12։ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 16-ից 20, նախալեռնային հատվածներում՝ մինչև 12-ից 16»։

Սուրենյանը նշեց, որ Երևանում էլ կլինի 9-ից 11 աստիճան տաքություն. «Տոնական օրերին առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների, հանրապետությունում կգերակշռեն տաք օդային հոսանքները։ Գիշերային ժամերին կունենանք բացասական ջերմաստիճան, բայց ցերեկային ժամերին կգրանցվի դրական ջերմաստիճան։ Մայրաքաղաքում կգրանցվի հիմնականում -2-ից -4 աստիճան, ցերեկային ժամերին կունենանք 6-ից 8 աստիճան, կլինի պարզ երկինք»։

Գագիկ Սուրենյանը ներկայացրել է 2024 թվականի կլիմայական անոմալիաները։ Ըստ այդմ՝ 2024 թվականի գրեթե բոլոր ամիսներին, նրա խոսքով, անոմալ երևույթներ են եղել. «Ունեցել ենք շատ տաք հունվար, երբ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 3-ից 5 աստիճանով, իսկ տեղումների քանակը կազմել է 200-300 տոկոս: Փետրվարը նույնպես շատ տաք է եղել, կլիմայական նորմայից բարձր է եղել 3-ից 5 աստիճանով, բայց եղել է սակավատեղում, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 20-ից 50 տոկոսը:

Մարտին օդի ջերմաստիճանը եղել է նորմայի մոտ, բայց եղել է տեղումնառատ, ու տեղումների քանակը կազմել է 150-200 տոկոս։ Ունեցել ենք շատ տաք ապրիլ, օդի ջերմաստիճանը բարձր է եղել 3-ից 6 աստիճանով, և ապրիլը եղել է սակավատեղում, տեղումների քանակը կազմել է նորմայի 20-ից 60 տոկոսը։

Չոր ու տաք ապրիլին ուղեկցել է ցուրտ ու շատ տեղումնառատ մայիսը, տեղումների քանակը կազմել է 150-200 տոկոս, մայիսը աչքի ընկավ տեղատարափ անձրևներով՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր հատվածներում։ Հունիսին օդի ջերմաստիճանը բարձր է եղել 2-ից 3 աստիճանով, տեղումների քանակը կազմել է 50-ից 100 տոկոս, տեղումների քանակը կազմել է 200-ից 300 տոկոս։

Հուլիսին հանրապետության մի շարք հատվածներում դիտվել են կարկտահարություններ, դեպքեր են եղել, երբ կարկտահատիկի տրամագիծը հասել է 4-ից 5 սմ-ի, հատկապես՝ Լոռիի հատվածում»,- հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։

Սուրենյանը նշեց, որ օգոստոսը նորմայի սահմաններում է եղել, տեղումների քանակը եղել է լոկալ․ «Ունեցել ենք հատվածներ, որ թափվել է կլիմայական նորմայի մոտ 300 տոկոսի չափ տեղում, բայց եղել է, որ տեղումների քանակը կազմել է նորմայի 50 տոկոսը։ Սեպտեմբերին ջերմաստիճանը եղել է նորմային մոտ, բայց տեղումների քանակը կազմել է նորմայի 100-ից 200 տոկոսը։ Ունեցել ենք սառը հոկտեմբեր, տեղումնառատ։ Նոյեմբերին ջերմաստիճանը եղել է նորմայի մոտ, տեղումների քանակը կազմել է 80-ից 120 տոկոս»։

Դեկտեմբերը, ըստ Սուրենյանի, տաք է, ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 1-ից 2 աստիճանով, բայց սակավատեղում է, տեղումների քանակը կազմում է նորմայի 30-ից 70 տոկոսը։