21/01/2025

Հունաստանում ձերբակալվել է Ալիևի զարմուհին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին ձերբակալվել է Աթենքի մերձակայքում խնջույքի վայրում ոստիկանական ռեյդի ժամանակ, որ ուղղված էր ապօրինի թմրանյութերի դեմ պայքարին, հաղորդում են հունական լրատվամիջոցները՝ ոստիկանությանը հղում անելով, փոխանցում է «Ազատությունը»։

Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ երկուշաբթի օրը 13 հոգու են ձերբակալել Կալիվիա քաղաքի շքեղ վիլլաներից մեկում: Թեև ոստիկանությունն անուններ չի տվել, սակայն լրատվամիջոցների տվյալներով՝ ձերբակալվածների թվում է նաև Իզաթ Խանիմ Ջավադովան, ով Բրիտանիայի քաղաքացիություն ունի և հայտնի է որպես դիջեյ Միքայելա Ջավ:

Ոստիկանության անանուն աղբյուրը հաստատել է, որ Ջավադովան ձերբակալվածների թվում է, հավելելով, որ հենց նա է եղել երեկույթի կազմակերպիչը։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ «երեկույթի կազմակերպիչը» շքեղ առանձնատան ննջարանում է գտնվել, որտեղ հայտնաբերվել են նաև 45 փաթեթ տարբեր թմրամիջոցներ և 43 հազար եվրո պարունակող չհրկիզվող պահարան։

Ջավադովան և ևս 9 հոգի հինգշաբթի օրը կկանգնեն դատարանի առջև՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և օգտագործման մեղադրանքով, հավելել է աղբյուրը: