13/01/2025

Ո՞վ է կառավարական օդանավով թռել ԱՄՆ ու այնտեղ անցկացրել երկու օր

Միջազգային տեղեկատվական դաշտում իրարանցում է առաջացրել այն, որ արձանագրվել է ռուսական կառավարական օդանավի՝ Իլ 96-ի թռիչք Սանկտ-Պետերբուրգից Նյու Յորք, հետո Վաշինգտոն, և երկու օր ԱՄՆ-ում մնալուց հետո օդանավը թռչել է Մոսկվա:

Ըստ տեղեկության՝ կառավարական այդ օդանավը օգտագործում եմ ՌԴ ԱԽ քարտուղար Մեդվեդևը, ՌԴ արտգործնախարար Լավրովը, ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինը:

Նրանցից ո՞վ է թռել կառավարական օդանավով ԱՄՆ ու անցկացրել այնտեղ երկու օր: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան միջազգային տեղեկատվական մեշ ուշադրության արժանացրած լուրի առնչությամբ պարզաբանել է, որ տեղի է ունեցել պարզապես դիվանագետների ռոտացիա:

Այսինքն՝ օդանավը ԱՄՆ-ից Ռուսաստան է վերադարձրել աշխատանքային ժամկետը ավարտած դիվանագետների և ԱՄՆ է տարել նոր աշխատակիցների: Որքանո՞վ է այդ բացատրությունը ճշմարտանման, դժվար է ասել: Մի կողմից հայտնի է, որ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև չկա ավիահաղորդակցություն՝ պատժամիջոցների պատճառով: Մյուս կողմից, լիովին առկա է երրորդ երկրների միջոցով այդ հաղորդակցության հնարավորություն և դիվանագետները կարող էին ԱՄՆ-ից թռչել այլ երկիր, իսկ այնտեղից էլ՝ Ռուսաստան:

Միայն հարմարավետության համա՞ր է հսկա լայները թռչել Ռուսաստանից ԱՄՆ: Ընդ որում, եթե դա էր այսպես ասած նպատակը, ապա Ռուսաստանի ԱԳՆ թերևս հենց սկզբից էլ կտեղեկացներ այդ մասին, որ տվյալ նպատակով ՌԴ կառավարական օդանավ է մեկնում ԱՄՆ՝ այդպիսով կանխելով հետագա աժիոտաժը կամ ինտրիգները: Արդյո՞ք Նահանգներ է թռչել արտաքին հետախուզության ղեկավարը, եթե հաշվի առնենք, որ ՌԴ և ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարների միջև կոմունիկացիան եղել է միշտ թե՛ ուկրաինական պատերազմից առաջ, թե՛ ուկրաինական պատերազմի ընթացքում: Նրանք, իհարկե, հանդիպել են տարբեր երկրներում, բայց ի վերջո չի կարող բացառվել ոչինչ:

Ի դեպ, այդ կապակցությամբ ուշադրության արժանի կարող է լինել 2022 թվականի հուլիսի դրվագը, երբ ռեգիոն էր ժամանել ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Բերնսը, իսկ նրա ժամանումից երկու-երեք օր անց Հայաստան ու Բաքու ժամանեց նաև ՌԴ արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինը: Ի դեպ, քանի որ Բերնսի ռեգիոնալ այցից հանրային էր միայն Հայաստան այցելելու հատվածը՝ Երևանի ցանկությամբ, ապա բարդ է ասել, արդյո՞ք Նարիշկինն ու Բերնսը միաժամանակ չեն եղել Կովկասում, և չէին կարող «խաչվել» նրանց «ճանապարհները»:

Համենայն դեպս, Ռուսաստանի կառավարական օդանավի ամերիկյան երկօրյա «վոյաժը» իսկապես արժանի է ուշադրության: Ի դեպ, այդ իմաստով թերևս ավելորդ չէ նաև մեկ այլ հիշատակում: 2018 թվականի հունվարին Նահանգներում ևս տեղի էր ունեցել ՌԴ և ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի մասին հայտնել էին ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները, ինչը պաշտոնական մակարդակով չէր հաստատվել և չէր էլ հերքվել: