Ո՞ր թվականն է հիմա. նշված հարցին շատերը տարակուսած կպատասխանեն՝ իհարկե 2025-ը: Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Պարզվում է՝ երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում, փոխանցում է Արմենպրեսը։
Մոտավորապես 1.4 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանի շատ շրջաններում տարիների հաշվարկը կատարվում է ըստ Վիկրամ Սամվաթ օրացույցի, որի համաձայն այժմ 2081 թվականն է: Երկրի մյուս հատվածներում հիմա 1946 թվականն է, քանի որ այնտեղ օգտվում են Շաքա օրացույցից:
Չինաստանի շուրջ 1.4 մլրդ բնակիչները հունվարի 29-ին կնշեն լուսնա-արևային օրացույցի 4722 թվականի մեկնարկը:
Եթովպիայում (մոտ 116.4 մլն բնակիչ) հիմա 2017 թվականն է: Եթովպական օրացույցը մոտ 7-8 տարով հետ է մնում Գրիգորյանականից և ներառում է 13 ամիս՝ 30 օր տևողությամբ՝ 12 ամիս և 5-6 օր տևողությամբ՝ 1 ամիս:
Թաիլանդում (մոտ 66.1 մլն բնակիչ) սկսվել է 2568 թվականը։ Թայցիների բուդդայական օրացույցով տարիների հաշվարկը կատարվում է Բուդդայի՝ նիրվանայի անցնելու պահից (մ.թ.ա. 543 թվականին):
Իսրայելում (մոտ 9.8 մլն բնակիչ) գործող հրեական օրացույցի համաձայն այժմ 5785 թվականն է։ Ժամանակագրությունը կատարվում է աշխարհի արարման ենթադրյալ տարեթվից:
Իրանում և Աֆղանստանում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 124 մլն բնակիչ) այժմ 1403 թվականն է։ Այս երկրներում տարիների հաշվարկը կատարվում է Մուհամմեդ մարգարեի՝ Մեքքայից Մեդինա տեղափոխվելու ենթադրյալ պահից: Նոր տարվա սկիզբն ազդարարվում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին:
Իսլամական օրացույցից օգտվող երկրներում՝ Ալժիրում, Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մարոկկոյում, Օմանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում, Թունիսում, ԱՄԷ-ում և Եմենում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 615.4 մլն բնակիչ) 1446 թվականն է։ Այս երկրներում նույնպես տարիների հաշվարկը կատարվում է Մուհամմեդ մարգարեի՝ Մեքքայից Մեդինա տեղափոխվելու ենթադրյալ պահից: Սակայն, ի տարբերություն Իրանի և Աֆղանստանի՝ նշված երկրներում օգտագործում են ոչ թե արեգակնային, այլ լուսնային օրացույց, որի համաձայն տարին ունի 354 կամ 355 օր։
Ճապոնիայում (123.9 մլն բնակիչ) օգտագործում է Գրիգորյանական օրացույցը, բայց կիրառվում է նաև կայսրերի ժամանակաշրջանների վրա հիմնված ժամանակագրությունը: Վերջինի համաձայն՝ այժմ Ռեյվայի դարաշրջանի 6-րդ տարին է (2019 թվականին Նարուհիտո կայսրի գահ բարձրանալուց պահից):
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում (26.2 մլն բնակիչ) ժամանակագրությունը հաշվարկվում է երկրի երկարամյա կոմունիստական առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան օրվանից՝ 1912 թվականի ապրիլի 15-ից: Այսպիսով, ԿԺԴՀ-ում այժմ 113 թվականն է։
Մյանմայում (55.7 մլն բնակիչ) օգտագործում է բիրմայական օրացույցը, որի համաձայն այժմ 1384 թվականն է։
Բանգլադեշում (173.5 մլն բնակիչ) օգտագործում են բենգալյան օրացույցը, որի համաձայն այժմ 1430 թվականն է։
Նեպալում (31.1 մլն բնակիչ) օգտագործվում է Վիկրամ Սամվատ հատուկ օրացույցը: Դա լուսնային օրացույց է, որը հիմնված է հինդուիստական հնագույն ավանդույթների վրա: Այդ երկրում այժմ 2081 թվականն է:
Հին հայկական տոմարով, որի համաձայն նոր տարին սկսվում է Նավասարդի 1-ին կամ Հուլյան օրացույցով՝ օգոստոսի 11-ին, հիմա 4517 թվականն է:
Նշենք նաև, որ կան մի քանի երկրներ, որոնցում օգտագործում են երկու օրացույց և նոր տարին նշում են երկու անգամ, իսկ Թաիլանդում հերթական տարվա սկիզբը նշվում է երեք անգամ:

Բաց մի թողեք
Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքրերի համար
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր․ Լուսանկար
«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. Լուսանկարներ