21/01/2025

Վովա Գասպարյանի փեսայից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 668 մլն դրամ․ ապօրինի գույքի բռնագանձման գործով հերթական վճիռը. Լուսանկար

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ է հրապարակվել։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի վճռով՝ նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա, ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Վովա Գասպարյանի դստերից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի բռնագանձել շուրջ 668 մլն 200 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով վճռել է.

Արթուր Սամվելի Գևորգյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել 654.894.872 դրամ, միաժամանակ Արթուր Սամվելի Գևորգյանից և Աննա Վլադիմիրի Գասպարյանից, համապարտության կարգով, հօգուտ Հայաստանի բռնագանձել 13.300.000 դրամ։

Վճիռը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան չբողոքարկելու դեպքում օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Գևորգյանը, հիշեցնենք, գտնվում է հետախուզման մեջ։ Նա անցնում է նաև քրեական գործով։ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին դատարանը բավարարել էր դատախազի՝ հեռակա դատաքննություն իրականացնելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատախազի՝ 2023 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ՝ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) (երեք դրվագ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Տեղեկացնենք, որ սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 5-րդ վճիռն է։

Դրանցից առաջինը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի փեսային և դստերը, երկրորդը՝ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լյովա Սարգսյանին փոխկապակցված անձ Գևորգ Վարդանյանին։ Երրորդը վերաբերում է Սուրեն Գաբրիելյանին։

Առաջին վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 260 մլն դրամ։

Երկրորդ դեպքով դատարանը վճռել է Գևորգ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել մոտ 163 մլն 850 հազար դրամի անշարժ գույք, 28 մլն 109 հազար դրամ գումար և երկու ՍՊ ընկերություններում մասնակցություն։

Երրորդ վճռով պատասխանողից կբռնագանձվի շուրջ 350 մլն դրամի գույք։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։

Բացի դրանից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով կայացել են նաև հաշտություններ. դրանք 6-ն են։ Դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետությանն են փոխանցվել ընդհանուր 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ:

Նշենք, որ հուլիսի 29-ի դրությամբ դատարան է ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման պահանջով 106 հայցադիմում։ Այս հայցադիմումներով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հօգուտ ՀՀ-ի պահանջում է բռնագանձել 1150 անշարժ և 225 շարժական գույք, 300 իրավաբանական անձում մասնակցություն։ Բոլոր հայցադիմումների հանրագումարային արժեքը 559 մլրդ 687 մլն դրամ է։ Այս գումարում ներառված չէ իրավաբանական անձանցում մասնակցության, նաև մի շարք գույքերի արժեքները։