Տարեվերջին Հայաստանում բավականին բարձր և արդարացի հանրային քննադատության արժանացած հայտնի տեսանյութը, որ առնչվում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանին, գործնականում ասոցացվում է Հայաստանի համար հասարակական, ընդհուպ պետական, անգամ ազգային անվտանգության համար կարևորագույն մի խնդրի:
Լայն իմաստով խոսքն արժեհամակարգային ինքնագիտակցության մասին է, որ պետք է լինի հասարակական համերաշխության համակարգ ձևավորող էական գործոններից մեկը:
Իսկ առանց հանրային համերաշխության համակարգի, որևէ պետություն ի վիճակի չէ առավել ևս 21-րդ տեղեկատվական-տեխնոլոգիական դարաշրջանում ձևավորել կենսունակ պետական օրգանիզմ: Իսկ հանրային համերաշխությունը չի կարող ձևավորվել առանց սոցիալական հանդուրժողության մշակույթի խորը արմատավորման:
Աղմկահարույց տեսանյութը մեզանում այդ խնդրի լրջագույն աստիճանի մասին է: «Սոցիալական հանդուրժողության» մշակույթի խորքային արմատավորման հարցը պետք է լինի ազգային անվտանգության հարց, որով զբաղվելն ու որի ներդրմանն ուղղված քաղաքականությունը կառավարող վերնախավի համար պետք է լինի պարտականություն:
Բայց նախ և առաջ դա պետք է լինի մտածողություն, հոգեբանություն, աշխարհայացք ու աշխարհընկալում, առանց որի հնարավոր չէ իրացնել այդ պարտականությունը: Այստեղ է բուն խնդիրը, որը, իհարկե, Հայաստանում, ցավոք սրտի, ունի լայն տարածում հասարակական-քաղաքական վերնախավային մակարդակում:
Մինչդեռ, ինչպես կասեր դասականը՝ աղքատությունն արատ չէ, և, իհարկե, իսկ հարուստ լինելը, հաջողակ լինելը, բայց, անշուշտ, այդ ամենին սեփական կարողության և օրինական ճանապարհով հասնելը բոլորովին հանցանք չէ:
«Սոցիալական հանդուրժողության» միջավայրը պետք ձևավորվի թերևս հենց այդ ելակետերի հանրայնացման ոչ միայն հետեւողական քաղաքականությամբ, այլ նաև՝ վերնախավերի վարքով:
Բնականաբար, հարցը դուրս է «աղքատի» կամ «հարուստի» ծայրահեղ դաշտից, պարզապես խնդրի նկարագրության համար կիրառում եմ դրանք, ցույց տալու համար, որ մեզանում հանրային կյանքը բաժանված է ահա այդ ծայրահեղություններից բխող «սահմաններով», որոնք վերածվում են հասարակական հարաբերությունների «փշալարերի», որոնք քրքրում են այն ստեղծագործական համախառն ներուժը, որ ունի հայ հանրությունը իր բոլոր սոցիալական կատեգորիաներում:
Բաց մի թողեք
Կարևոր է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու նոր հնարավորությունները
Գուցե օլիգարխ – տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ միայն կրթության շնորհիվ
ՀՀ որոշումից հետո ԵՄ գործադիր իշխանության արձագանքը բավականին զուսպ է