Փորձագետների, վերլուծաբանների, մամուլի և սոցիալական մեդիայի ուշադրությունից, կարծես, դուրս մնաց, որ անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել և 2025 թվականը հռչակել «սահմանադրության և ինքնիշխանության տարի»: Ֆորմալ հիմնավորումն այն է, որ լրանում է սահմանադրության ընդունման 30 և «հայրենական պատերազմում հաղթանակի» 5-րդ տարին:
Ալիևն այդ որոշումն ընդունել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետից երեք և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կրկնակի հեռախոսազրույցից երկու օր, Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից երեք շաբաթ անց:
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ինքնիշխանության և «անկախ արտաքին քաղաքականության» մասին ընդգծումները, որ նա արել է կարգադրության տեքստի պրեամբուլայում, հասցեագրված են միջազգային ուժային կենտրոններին:
Ներքին կյանքի առումով փաստաթուղթը նորություն չունի. Ալիևը կրկնել է նարատիվը, որ 1991-93 թվականներին Ադրբեջանում ժողովրդի վստահությունը վայելող, նրա անվտանգությունը երաշխավորղ իշխանություն չի եղել, պետական կյանքը կազմակերպվել է միայն «մեծ առաջնորդ» Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալուց հետո, իսկ հետագա «հաղթանակները», բնականաբար, վերագրել է իրեն:
Ըստ երևույթին, դա ուղերձ է «Մուսավաթ» և Ժողովրդական ճակատ կուսակցություններին, որ Ադրբեջանում «բռնապետության տապալման» ոչ միայն ռեսուրսներ, այլև «ժողովրդական պահանջ չկա»:
Փաստաթղթի ամենաուշագրավ ձևակերպումն այն է, որ Ադրբեջանը «վերականգնել է տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և վստահաբար ընթանում է սահմանադրությամբ նախանշված ազգային նպատակների իրականացման ճանապարհով»: Որքանով հասկացվում է, Իլհամ Ալիևն «ազգային նպատակներ» է ճանաչում Ադրբեջանի սահմանադրության պրեամբուլայի ձևակերպումները: Նա իր աշխատակազմին հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել «հոբելյանական տարվա» միջոցառումների ցանկ:
Ադրբեջանի նախագահի որոշման դուալիզմն ակնհայտ է, մի կողմից նա ասում է, որ երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը լիովին վերականգնված է» և սահմանում, որ շուրջ երեք տասնամյակ դա «եղել է համազգային գաղափար», մյուս կողմից հռչակում, որ եկել է «սահմանադրությամբ նախանշված ազգային նպատակների ճանապարհով վստահաբար ընթանալու» ժամանակը:
Ալիևի դեկտեմբերյան «դեկրետն», այսպիսով, խիստ ենթատեքստային է: Հղում անել գործող սահմանադրության պրեամբուլային՝ նշանակում է հիշեցնել, որ Ադրբեջանը 1918-20 թվականներին գոյություն ունեցած այսպես կոչված «ժողովրդական պետության» իրավահաջորդն է:
Իսկ դա իր հերթին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների «գաղտնագրում է: Մանավանդ որ Ադրբեջանի նախագահն անոնսավորում է սահմանադրության պրեամբուլայում սահմանված «ազգային նպատակներին հասնելու» նոր ընթացք:
Ընդ որում, կարգադրության բավական ծավալուն պրեամբուլայում ոչ մի խոսք չկա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական և կոմունիկացիոն ինտեգրացիայի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին:
Ադրբեջանի նախագահը, իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում կհայտարարի, որ սահմանադրության և «պատմական հաղթանակի» տարեդարձ նշելն իր երկրի ներքին գործն է, իսկ ադրբեջանական ժողովուրդն «իրավունք ունի ազգային մի նպատակն իրացնելուց հետո առաջադրել նորը, նորերը»:
Առերևույթ, իհարկե, այդպես է. ոչ մի երկիր մյուսին չի կարող պետական տոնացույց կամ սահմանադրություն պարտադրել: Պարզապես իրավիճակը պետք է սառնասրտորեն և սթափ գնահատել, կախված միջազգային կոնյունկտուրայից, ուժերի հարաբերակցությունից՝ Ալիևը 2025 թվականին կարող է «քայլ անել» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց, երևի, ավելի մեծ է էքսպանսիվ հռետորաբանության ծավալման հավանականությունը:
Բաց մի թողեք
Ադբրբեջանը հավակնում է դառնալ ռեգիոնալ «լիդեր». Բայրամովը` Հայաստանի Սահմանադրության և «ռևանշիզմի» մասին
Ադրբեջանցիները ոչինչ են Իլհամ Ալիևի համար
Էրդողանին կհաջողվի՞ քրդամետ ուժերին համախմբել իր և ծայրահեղ ազգայնական Բահչելիի դաշինքի շուրջ