13/01/2025

Երեք ավտովթարներ, բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ անչափահասներ․ Լուսանկարներ

Հունվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին, որոնցից 3-ը երեխաներ են, առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հունվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար «Գազել» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Մինչ դեպքի վայրում ծառայություն են կատարել պարեկները, ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Գազել»-ի հետնամասին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը:

Պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հունվարի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «Ford» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։