15/01/2025

Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և Եվրամիության մասնակցության միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության մասնակցության միջև, այս երկու կազմակերպությունները «անհամատեղելի» են:

Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միավորումները ինչ-որ պահի կմիավորվեն։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծն այս երկիրը դնում է ընտրության առաջ»,- ասել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի խոսքով, «եթե այս օրինագիծը մշակողները լիովին ազնիվ լինեին թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ ԵԱՏՄ այլ երկրների նկատմամբ, ապա կարող էին անմիջապես այն լրացնել հոդվածով, որտեղ կասվեր, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից»։