Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը պաշտոնապես հաստատել է ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունը, որ չի գործում նաև Բաքու-Կազան-Բաքու չվերթը:
Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի 28-ին Բաքու-Կազան չվերթի օդանավն Աստրախանի մարզի օդային տարածքում ենթարկվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների «հուժկու ազդեցության», բայց անձնակազմը շարունակել է թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարել Կազանում:
Ինչպես «Թուրան» գործակալությունն է փոխանցում, Կազան-Բաքու չվերթն իրականացնելուց հետո այդ երթուղու թռիչքները երկկողմանի դադարեցված են, որովհետև Կազանի օդանավակայանը վերջին ամիսներին մի քանի անգամ «գորգ» գործողության հետևանքով փակվել է, և անվտանգության երաշխիքներ չկան:
Կազանի օդանավակայանում «գորգ» ռեժիմ առաջին անգամ հայտարարվել է անցյալ նոյեմբերին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից մի քանի օր առաջ, երբ մամուլում տեղեկություն տարածվեց, որ բարձրաստիճան հյուրերը, ամենայն հավանականությամբ, կժամանեն Մոսկվա, իսկ Թաթարստանի մայրաքաղաք կհասնեն գնացքով: Այդ լուրը հետագայում չհաստատվեց:
Բաքու-Կազան չվերթը կողմերի համար շատ որոշակի սիմվոլիկա ունի: Նախանցյալ դարում Բաքվում մուսուլմանական բնակչության աճին նպաստել է վոլգյան թաթարների ներհոսքը, նրանք ձևավորել են իրենց առնձնակի համայնքը:
Հետագա տասնամյակներում «կազան-թաթարները», ինչպես նրանց անվանում էին՝ առանձնացնելով կովկասյան թաթարներից, կորցրել են համահավաք ինքնությունը:
Այդուհանդերձ, Բաքու-Կազան հաղորդակցությունը սոցիալ-տնտեսական հարմարավետությունից զատ ունի էթնիկ-քաղաքակրթական միասնության նշանակություն: Փաստացի դա կովկասյան և վոլգյան թուրքախոս բնակչության պատմա-քաղաքական ընդհանրության խորհրդանիշ է:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Թաթարստանի «ռեիս» Մենիխանովը Ռուսաստանի դաշնային սուբյեկտների ղեկավարներից միակն է, որ այցելել է Ադրբեջանի «ազատագրված տարածքներ»: Թաթարստանի մի շարք տնտեսվարողներ այդ տարածքներում «վերականգնողական աշխատանքների» կապալառուներ են:
Ադրբեջանի հետ տնտեսական և սոցիալ-մշակութային սերտ հարաբերություններ ունի նաեւ Աստրախանի մարզը: Ըստ երեւույթին, այստեղ նույնպես խորհրդանշական իմաստ կա: Ռուսաստանը Հաշտարխանի խանությունը նվաճել է 18-րդ դարում, որով և բացվել է Կասպից ծովով Պարսկաստանի հետ առևտրական ճանապարհը:
Ուկրաինական ԱԹՍ-երն առայժմ Կասպից ծովով Իրան-Ռուսաստան նավագնացությունը չեն թիրախավորել: Հարձակման է ենթարկվել միայն Կասպյան նավատորմիղի ռազմահենակայանը: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ եթե հունվարի 17-ին Ռուսաստանը և Իրանը ստորագրեն ռազմավարական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրը, ապա Ուկրաինայի ռազմական հետախուզության «ձեռքի չի հասնի» Էնզելի- Աստրախան նավագնացությանը:
AZAL-ը պետական ավիաընկերություն է: Եվ Բաքու-Կազան չվերթի անորոշ ժամկետով դադարեցման որոշումն, անկասկած, կայացվել է Ադրբեջանի նախագահի ուղղակի հրահանգով: Եվ դա խորքային իմաստով քաղաքական քայլ է: Ցանկության դեպքում Բաքու-Կազան թռիչք կարելի է իրականացնել այլ երթուղով:
Բաքու-Գրոզնի օդնավի աղետից հետո տևական, ավելի քան մեկ տարվա դադարից հետո կայացել է Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Կիևը պատրաստակամություն է հայտնել Բաքվին տրամադրել ադրբեջանական օդանավի թռիչքի հետ առնչություն ունեցող «հետախուզական բոլոր տեղեկությունները»:
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պատկան մարմիններն այդ կապակցությամբ համագործակցում են Ուկրաինայի ԶՈՒ Հետախուզության գլխավոր վարչության, Անվտանգության ծառայության հետ:
Ըստ երևույթին՝ Իլհամ Ալիևը որոշել է Ադրբեջանը հնարավորինս հեռու պահել ռուս-ուկրաինական պատերազմի կովկասյան թատերաբեմից: Իրանի հասցեին հունվարի 7-ին թույլ տրված կոշտ հայտարարությունները, հավանաբար, նույյն նպատակն են հետապնդում:
Ռուս-իրանական ենթադրյալ պայմանագիրը, ինչպես որոշ աղբյուրներ են ասում, ունի նաև ռազմապաշտպանական բաղադրիչ: Անհրաժեշտության դեպքում այդ համաձայնությունները լրիվ ծավալով չեն գործի, եթե Ադրբեջանը տրանզիտային խոչընդոտներ հարուցի:
Ալիևն սպասում է ռուս-ուկրաիանական պատերազմի և Իրանի հարցում ԱՄՆ նոր վարչակազմի որոշումներին: Այդ ժամանակահատվածում նա Ռուսաստանից «դիստանցիա է պահելու»: Առիթ կա, քարոզչության հնարավորություն նույնպես:
Բաց մի թողեք
«Մոսկվան և Բաքուն կարող են լուծել ցանկացած հարց. Ալիևի և Պուտինի միջև փակ թեմաներ չկան». Լավրով
ՌԴ հրապարակ է նետում Սամվել Կարապետյանին՝ իբր հայ գործարարների անունից
Ինչու է Հայաստանի հարցում իրար խառնվել Սերգեյ Լավրովը