13/01/2025

Պատճառն ու մոտիվը Թեհրանի քաղաքական ու դիվանագիտական ջանքի առնչությամբ որևէ ակնկալիքն է

Երևանում ընդունելով Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով:

Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը բավականին հատկանշական է և թերևս արտացոլում է իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ պաշտոնական Երևանի խոսակցության տրամաբանությունը:

Հայաստանի և Իրանի բնական շահի սահմանումն իհարկե Փաշինյանը չի մանրամասնել, և այստեղ, անշուշտ, կարող են լինել ամենատարբեր կռահումներ կամ մեկնաբանություններ: Սակայն ինքնին ձևակերպումը՝ առավել ևս որպես անսասան երաշխիք, խիստ հատկանշական է ու պերճախոս:

Ըստ այդմ, այդ պերճախոսությունը կամ բխում է իրանցի պաշտոնյայի այցի արդյունքի վերաբերյալ Երևանի գոհունակությունից, իսկ այստեղ հարկ է նկատել, որ Իրանի ԱԳԽ քարտուղարը Երևան է ժամանել Բաքու այցից անմիջապես հետո, կամ այդ պերճախոսության պատճառն ու մոտիվը Թեհրանի քաղաքական ու դիվանագիտական ջանքի առնչությամբ որևէ ակնկալիքն է:

Միևնույն ժամանակ անշուշտ ուշադրության է արժանի, որ Երևանը իրանցի բարձրաստիճան հյուրին «դիմավորել» է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախաձեռնությանը կառավարության դրական արձագանքով:

Իսկ այդ հարցը անկասկած էապես առնչվում է Իրանի բնական շահերի տիրույթին, ինչի վերաբերյալ Թեհրանն արտահայտվում է պարբերաբար, տարբեր առիթներով և ձեւակերպումներով:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Երևանում քննարկումների ընթացքում Իրանի անվտանգային համակարգի բարձրաստիճան ներկայացուցչին հավաստիացվել է, որ Հայաստանի մեկնարկած գործընթացը որեւէ կերպ չի պարունակի Իրանի բնական շահերին սպառնացող ռիսկեր, եւ ավելին՝ կարող է նպաստել այն ընդհանուր շահերին ու հետաքրքրություններին, որ ունեն Հայաստանը և Իրանը, և որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ անսասան են: