16/02/2025

Կոշտան դրսևորում է քաղաքավարությո՞ւն, թե՞ քաղաքականություն

«Անհամբեր սպասում եմ շուտով անձամբ հանդիպել Փաշինյանին»,- նրա հետ հեռախոսազրույցից մեկ օր անց Իքսի իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոշտան: Փաստորեն, նա հանդիպման «անհամբերություն» է հայտնում ոչ միայն Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո, որ կայացավ նախորդ շաբաթ, այլ նաև Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո:

Այդ հեռախոսազրույցները, ինչպես արդեն հայտնի է, ուղեկցվել են ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի ռեգիոնալ այցով՝ Բաքու և Երևան: Դրանց հաջորդել են Կոշտայի հեռախոսազրույցները, որոնց առնչությամբ էլ նա հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր հանդիպման «անհամբերության» մասին:

Մնում է հասկանալ, Կոշտան այդ կերպ դրսևորում է քաղաքավարությո՞ւն, թե՞ քաղաքականություն, որը ենթադրում է նրա որևէ նոր նախաձեռնություն հայ-ադրբեջանական թեմայով: Նախաձեռնություն, որը, իհարկե, Կոշտայի համար կլինի ոչ թե նոր, այլ առաջին նախաձեռնությունը, բայց լինելու դեպքում այն նոր կլինի Եվրոպական խորհրդի համար:

Արդյո՞ք Մագդալենա Գրոնոյի միջոցով որևէ առաջարկ է արվել Հայաստանին ու Ադրբեջանին: Համենայն դեպս այն, որ նրա այցին զուգահեռ տեղի է ունենում Կոշտայի հեռախոսազրույցները թե Ալիևի, թե Փաշինյանի հետ, թողնում է տպավորություն, որ դրանք ոչ միայն պայմանավորված կարող են լինել զուտ Կոշտայի պաշտոնամուտով, այլ նաև «տաք հետքով» քննարկումների անհրաժեշտությամբ՝ կապված գուցե ինչ-որ բովանդակության հետ, որ քննարկել է Բաքվում ու Երևանում Գրոնոն:

Հնարավոր է, որ Կոշտան փորձում էր ստանալ Փաշինյանի և Ալիևի որոշակի համաձայնություններ, և գրառումները, որ նա արել է «անհամբերությամբ» սպասելու վերաբերյալ՝ նրանց հետ հեռախոսազրույցներից հետո, թույլ է տալիս առնվազն դիտարկել ինչ-որ պայմանավորվածության համաձայնություն: