17/02/2025

Վաշինգտոնից հետո Միրզոյանը կգնա Մոսկվա, ինչ սպասել ․․․

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանին հրավիրել են այցելել Ռուսաստան և Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է հրավերը:

Ըստ Լավրովի, այցը կլինի մոտակա ժամանակահատվածում: Այսօր Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում է, որտեղ նախատեսվում է ստորագրել Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Լավրովը, ի դեպ, անդրադարձել է դրան՝ ասելով, որ դա երկու երկրների՝ Հայաստանի ու ԱՄՆ գործն է՝ նշելով միաժամանակ, թե կարևոր է ոչ թե ստորագրումը, այլ ինչ է բխելու այդ փաստաթղթից:

Ըստ ամենայնի, Արարատ Միրզոյանի մոսկովյան այցի ընթացքում ռուսական կողմը կփորձի հնարավորինս ամբողջական հասկանալ հայ-ամերիկյան փաստաթղթից բխելիքը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությանը, ապա Լավրովը նշել է, որ այն բարդ է, սակայն երկխոսությունը շարունակվում է, ինչի համատեքստում էլ հիշատակել է Միրզոյանի սպասվող այցի մասին:

Սա բացարձակապես ցանկությունների դաշտի հարց չէ, այլ գետնի վրա եղած իրողությունների, առավել ևս այն պարագայում, երբ հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից օրեր անց պաշտոնի է անցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ըստ ամենայնի, դավանում է անմիջականորեն ՌԴ նախագահ Պուտինի հետ երկխոսությամբ համաշխարհային հարցերը քննարկելու մեթոդաբանությանը:

Թրամփը հայտարարել է, որ Պուտինն էլ, ինքն էլ ուզում են հանդիպել և աշխատանք է տարվում, որ իր պաշտոնամուտից հետո այդ հանդիպումը լինի հնարավորինս շուտ: Սա, անշուշտ, բացարձակապես չի նշանակում, որ Թրամփն ու Պուտինը նույնքան արագ պայմանավորվելու են ամեն ինչի մասին:

Ռուս-ամերիկյան հարաբերությունը դեռ շատ երկար ժամանակ թերևս գտնվելու է դիմակայության, մրցակցության, քննարկումների բավականին խրթին փուլում: Սակայն տվյալ պարագայում ականը հարաբերությունների մեթոդաբանությունն է, որում նշմարվում են հեռանկարներ, որ առաջացնում են նաև հայ-ամերիկյան հարաբերության իմաստով անհրաժեշտ եզրակացությունների կարիք:

Այդ իմաստով, դրական է, որ Արարատ Միրզոյանն ընդունել է Մոսկվա այցի հրավերը, քանի որ հայ-ռուսական հարաբերության բարդ շրջափուլով հանդերձ, այդ հարաբերությունում երկխոսության, խոսակցության մեխանիզմները չկորցնելը կարևոր է ոչ միայն ինքնին, այլ նաև մասնավորապես ԱՄՆ հետ հարաբերության արդյունավետ հեռանկարներ կառուցելու և ապահովելու համար: Հայաստանի համար բոլոր առումներով սկզբունքային հարցը հավասարակշռություններ ձևավորելն է: