13/02/2025

Էրդողանին կհաջողվի՞ քրդամետ ուժերին համախմբել իր և ծայրահեղ ազգայնական Բահչելիի դաշինքի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 15-ին Ազգային մեծ ժողովում հանդիպել է իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության պատգամավարների հետ և անդրադարձել հիմնականում երկու հարցի՝ Սիրիայում իրավիճակին, ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության հետ քաղաքական քննարկումներին:

Էրդողանը սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որ, նրա արտահայտությամբ՝ «քնած էր», երբ Թուրքիայի իշխող քաղաքական ուժն «արդեն Սիրիայում էր»: «Մենք կարող ենք նրանց (ընդդիմությանը) տալ Սիրիա ներկայանալու քարտեզ, որպեսզի առաջնորդվեն, բայց մենք չէինք կարող թույլ տալ, որ Սիրիայում հաղթեն իմպերիալիստները»: Նա Սիրիայում Թուրքիայի ներկայությունը «միանգամայն բնական և օրինաչափ» է գնահատել:

Ինչ վերաբերում է Քրդական բանվորական կուսակցությանը, ապա Թուրքիայի նախագահը ներկայացրել է այդ հարցով քաղաքական քննարկումները և մեկնաբանել, որ ահաբեկչությունը պետք է թաղվի հողի տակ: Ըստ նրա՝ տարածաշրջանում թուրքերի, քրդերի և թուրքմենների համերաշխության և միասնության հնարավորությունն «ահաբեկչության ոչնչացումն է»:

Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի ռազմական հնարավորություններին, խոսել սեփական ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման ծրագրերից: Նա սկսված տարին որակել է «նախապատրաստություն 2028-ին»: Խոսքը, անկասկած, նախագահական ընտրությունների և դրանց իր մասնակցության մասին է:

Ավելի վաղ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օնգյեր Օզելը խորհրդարանում «կարմիր քարտ» է ցույց տվել իշխող մեծամասնությանը և պահանջել, որ «Արդարություն և զարգացումը» խորհրդարանում նախաձեռների նախագահական արտհերթ ընտրություններ անցկացնելու գործընթաց: Օզելը պնդել է, որ Էրդողանը նախագահի պաշտոնին երրորդ անգամ կարող է հավակնել միայն արտահերթ ընտրությունների դեպքում:

Հունվարի 15-ին Էրդողանը փաստացի այդ առաջարկությունը մերժել է՝ Օզելի ելույթն անվանելով «տարրական դպրոցի երեխայական խաղ»: Ակնհայտ է, որ Թուրքիան մտնում է սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման ռեժիմի մեջ: Միայն նոր սահմանադրություն ընդունելու դեպքում է, որ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու:

Այս համատեքստում քրդամետ DEM կուսակցության հետ սկսված քննարկումները, հավանաբար, միտված են նրան, որպեսզի ընդդիմությունը մասնատվի: Անցյալ տարի տեղական ընտրություններին Ժողովրդա-հանրապետական և DEM կուսակցությունները մասնակցել են միասնական պլատֆորմով: Եթե այդ տանդեմը պահպանվի և նրան միանան աշխարհիկ-արևմտյան կողմնորոշում ունեցող այլ ուժեր ևս, ապա նոր սահմանադրության ընդունումը կասկածի տակ կդրվի:

Էրդողանին կհաջողվի՞ քրդամետ ուժերին համախմբել իր և ծայրահեղ ազգայնական Բահչելիի դաշինքի շուրջ: Ստամբուլում վերջերս անցկացված բազմամարդ հանրահավաքով, կարծես, Թուրքիայի իշխող կուսակցությունը փորձել է միջազգային հանրությանն ասել, որ նույնիսկ եվրոպականացած Ստամբուլում «Արդարություն և զարգացումը» քաղաքական առաջատ ուժ է:

Թուրքիան սպասում է ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփի երդմնակալությանը, նոր վարչակազմի ձեւավորմանը: Վաշինգտոնից, սակայն, ստացվում են հակասական ազդակներ: Մի կողմից Թրամփն Էրդողանին անվանում է «բարեկամ», մյուս կողմից նրա ապագա վարչակազմի հավանական առանցքային անդամներն աջակցություն են հայտնում «ՀԱՄԱՍ-ի վերջին անդամներին ոչնչացնելու՝ Իսրայելի էքզիստենցիալ պայքարին»:

Ազգային մեծ ժողովում Թուրքիայի նախագահի ելույթին զուգահեռ միջազգային մամուլը Սիրիայի անդրեփրատյան տարածքներում ԱՄՆ և «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ռազմական կազմավորումների համատեղ զորավարժությունների մասին տեղեկատվություն են տարածել: Դա ազդակ է, որ Միացյալ Նահանգներն այդ տեղաշրջանից իր զորախումբը չի հեռացնի: Իսկ առանց ամերիկյան երաշխիքների Թուրքիան չի կարող «ահաբեկչությունը սիրիական հողում թաղել»: