20/02/2025

Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից, չեն փրկվի ցավոք չակատագրից․ Ում է սպառնում Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ  է ունեցել իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը:

Էրդողանը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել է Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև անդրադարձել մինչև դեկտեմբերի 8-ի՝ սիրիական կառավարության հեռանալու պահը, տեղի ունեցած որոշ իրադարձությունների:

Նախ, թուրքական պետության առաջնորդը խոսել է արդեն Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի վարած քաղաքականության մասին՝ նրան մեղադրելով երկրի ներսում առկա խնդիրները բռնությամբ, արյունահեղությամբ ու ճնշումներով լուծելու մեջ:

Էրդողանի խոսքով, Ասադի և իր միջև կայացած հանդիպումներում Սիրիայի նախկին նախագահը պատմել է բարեփոխումներ իրականացնելու մասին, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել:

«Իր հետ ունեցած մեր բոլոր հանդիպումներում Ասադը մեզ բարեփոխում իրականացնելու մասին խոստում էր տալիս, բայց երբեք իր խոսքը չի պահել»,-հավելել է նա:

Բացի այդ, արդեն անդրադառնալով ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակին, որպես Սիրիայում ամենամեծ խնդիր որակել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի»-ին (YPG):

Էրդողանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կողմից ավելի վաղ արտաբերած նույնիմաստ նախադասությամբ սպառնացել է գործողություն իրականացնել Սիրիայում, եթե «YPG»-ականները չինքնալուծարվեն:

«Եթե Սիրիայի բնական ռեսուրսները զավթած «YPG» ահաբեկչական կազմակերպությունը չինքնալուծարվի և զենքերը վայր չդնի, չի կարողանա փրկվել ցավոտ ճակատագրից»:

Հարկ է նկատել նաև, որ Էրդողանը չի մոռացել ակնարկել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին, իրենց որակմամբ, օգնություն տրամադրող կողմերի գոյության մասին:

«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից: Մենք մեր սիրիացի եղբայրների հետ միասին ամենակարճ ժամանակահատվածում կջախջախենք թե՛ «DEAŞ»-ին, թե՛ «YPG»-ին և թե՛ մյուս ահաբեկչական կազմակերպություններին»,-զգուշացրել է Էրդողանը: