16/02/2025

Նոր լարվածություն Իրան – Ադրբեջան հարաբերություններում

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հունվարի 14-ին հայտարարել է ազգային համայնքներից մեկի ղեկավարի դեմ մահափորձի նախապատրաստությունը կանխելու և երկու անձի կալանավորման մասին:

Որևէ մանրամասնություն Բաքուն չի հրապարակել, բացի այն, որ կալանավորված անձինք ադրբեջանցիներ են, որոնցից մեկը՝ Վրաստանի քաղաքացի:

Այդ տեղեկատվության «փակագծերը բացել է» իսրայելական մամուլը: Vesty.go.il-ը հայտնում է, որ Ադրբեջանում կանխվել է հրեական համայնքի առաջնորդների դեմ ահաբեկչությունը: Ըստ այդմ՝ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երկու տղամարդ: Նրանցից Ագիլ Ասլանովը Վրաստանի քաղաքացի է, որ նախկինում զբաղվել է թմրանյութերի մաքսանենգությամբ:

Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ Ագիլ Ասլանովն անցյալ տարեսկզբին գտնվել է այլ երկրում, ենթադրաբար՝ Իրանում, որտեղ հավաքագրվել է հատուկ ծառայություններից: Նրան տրվել է Ադրբեջանի հրեական համայնքի առաջնորդներից մեկի սպանության հանձնարարություն, որ պետք է իրականացվեր 200 հազար դոլարի վարձատրության դիմաց: Ասլանովն ստացել է երկու հազար դոլար կանխավճար, մեկնել Բաքու, որտեղ համագործակցություն է հաստատել Ադրբեջանի քաղաքացու հետ:

Նրանք հետևել են հրեական համայնքի առաջնորդներին, ճշտել նրանց տեղաշարժի երթուղիները և բջջային հեռախոսի հավելվածի միջոցով տեղեկությունները փոխանցել պատվիրատուին: Իսրայելական լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ այդ հաղորդագրություններն էլ պատճառ են հանդիսացել, որպեսզի Ադրբեջանի հատուկ ծառայություններն զբաղվեն Ասլանովի և այլ երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցչի շփումներով: Այդ կերպ հաջողվել է կանխել Ադրբեջանի հրեական համայնքի առաջնորդներից մեկի սպանությունը:

Բաց աղբյուրների տվյալներով՝ Ադրբեջանում պաշտոնապես գրանցված է երեք «հրեական համայնք»: Առաջինն այսպես կոչված «լեռնական հրեաների» կամ հուդայադավան թաաթերի համայնքն է, որի ղեկավարը Միլիհ Եվդաեւն է: Երկրորդը «Եվրոպացի հրեաների համայնքն» է: Այն գլխավորում է Շներ Սեգալը:

Երրորդը «Վրացական հրեաների համայնքն» է՝ Զամիր Իսաևի առաջնորդությամբ: Համենայն դեպս, Ադրբեջանի կառավարության Կրոնի և ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեի նախագահը 2024թ. օգոստոսի 21-ին նրանց հետ է քննարկել իշխանություն-հրեական համայնքներ փոխհարաբերությունների հարցը:

Նշված անձանցից ու՞մ «սպանությունն են պատվիրել Իրանի հատուկ ծառայությունները» կամ ի՞նչ նպատակ է հետապնդել «իրանական կողմի պատվերը»: 2023թ. մարտին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը «կանխել է Բաքվում օտարերկրյա դեսպանատներից մեկի նկատմամբ ահաբեկչության փորձը»:

Vesty.go.il-ը հայտնում է, որ այդ ժամանակ «ահաբեկչության թիրախ էր Բաքվում Իսրայելի դեսպանատունը, իսկ ծրագիրը խափանվել է «Մոսադի» շնորհիվ, պատվիրատուն դարձյալ Իրանի հատուկ ծառայություններն էին»:

Վերջին օրերին իրանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Իրանի դեմ Իսրայելի վերջին հրթիռային հարվածներն իրականացվել են նաև «Բաքվի և Կասպից ծովի օդային տարածքից՝ ադրբեջանական իշխանությունների իմացությամբ»: Հունվարի 7-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի նկատմամբ չափազանց կոշտ հռետորաբանություն է կիրառել:

Ադրբեջանի հրեական համայնքի առաջնորդների սպանության կազմակերպման փորձի մասին Բաքվի պաշտոնական տեղեկատվությունը և դրա տողատակերի իսրայելական բացահայտումները վկայում են իրանա-ադրբեջանական հարաբերություններում լուրջ լարվածության մասին: Փաստացի Իլհամ Ալիևը գնում է հետագա սրացումների:

Ի՞նչ սցենար է նա պատկերացնում կամ ի՞նչ տեղեկությունների է տիրապետում: Այլ պարագայում Ադրբեջանի նախագահը Թեհրանի դեմ նման բացահայտ հակաքարոզչություն չէր կիրառի: