Ռուսաստանում, ինչպես հայտնի է, միգրացիոն օրենսդրությունը խստացվել է: Պատկան մարմինները ձեռնամուխ են եղել երկրի տարածքում ապօրինաբար բնակվող և աշխատող անձանց հարկադիր արտաքսման լայնածավալ գործողությունների:
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ այդ առթիվ գործարար շրջանակներում խիստ դժգոհություններ են առաջացել, օլիգարխիան դեմ է միգրանտների զանգվածային արտաքսմանը, որովհետև կորցնում է էժան աշխատուժը, իսկ իշխանությունները շահագրգռված են, որ ուկրաինական ռազմաճակատը համալրվի, ուստի միգրանտներին գործարք են առաջարկում՝ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր ստորագրել:
Նման իրավիճակում են հայտնվել Ադրբեջանի ավելի քան քսան քաղաքացիների: Այդ մասին սոցիալական ցանցերում գրառում է կատարել Թեյմուր Աբդուլլաևը: Նա պատմել է, որ ստացել է արտաքսման որոշում: Ռուսաստանյան կողմն ապահովել է նրա և մոտ երկու տասնյակ ադրբեջանցիների ելքը, բայց Ադրբեջանի պատկան ծառայությունները նրանց սահմանային անցակետից ետ են վերադարձրել՝ պատճառաբանելով, որ ցամաքային սահմանին գործում է հատուկ կարանտինային ռեժիմ:
Թեյմուր Աբդուլլաևը պատմել է, որ քսան ադրբեջանցիների հետ գտնվում է Մախաչկալայի ոստիկանական բաժանմունքներից մեկում: Ըստ Աբդուլլաևի՝ իրենց այցելել են զինկոմիսարիատի ներկայացուցիչներ և առաջարկել, որ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր ստորագրեն և գնան ուկրաինական ռազմաճակատ:
Ըստ այդ «պայմանագրի»՝ զոհվելու դեպքում նրանց ընտանիքները կստանան չորս միլիոն ռուբլու փոխհատուցում, իսկ ովքեր վեց ամսից հետո ողջ կմնան, կստանան Ռուսաստանի քաղաքացիություն:
Աբդուլլաևը գրել է, որ եթե փորձառու թարգմանիչ չունենային, ապա կենթարկվեին խաբեության և գուցե արդեն գտնվեին պատերազմում: Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը-մյուս օրը նրանք հարկադրված կլինեն ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ, քանի որ, ինչպես Ադրբեջանի քաղաքացին է գրել, չեն կարող «անժամկետ մնալ ոստիկանության բաժանմունքում»:
Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ընդունել Ռուսաստանից արտաքսված իրենց քաղաքացիներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցամաքային սահմանների փակումը լուծում է անվտանգության խնդիր:
Ըստ երևույթին, Ռուսաստանից արտաքսված ադրբեջանցիները կարող են ներքին խնդիրներ հարուցել:
Գործնականում, իհարկե, Ռուսաստանի իշխանություններին լիովին ձեռնտու է, որ Ադրբեջանը չընդունի այդ մարդկանց, որովհետև նրանք միանգամից հայտնվում են իրավական վակուումի մեջ. Ռուսաստանում ապրելու և աշխատելու իրավունք այլևս չունեն, Ադրբեջանը չի ընդունում: Գոյատևելու միակ հնարավորությունը ՌԴ ՊՆ առաջարկն ընդունելը և ուկրաինական ռազմաճակատ մեկնելն է:
Անհավանական չէ, որ ցամաքային սահմանները փակելով՝ Իլհամ Ալիևը որոշակի առումով ծառայություն է մատուցում Ռուսաստանի իշխանություններին՝ «մատակարարելով թնդանոթի միս»:
Բայց այդ քաղաքականությունը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ. այդ մարդիկ Ադրբեջանում հարազատներ ունեն: Բայց այդ մարդիկ խնդիրներ են հարուցելու նաև Ռուսաստանի իշխանությունների համար: Բացառված չէ, որ Մախաչկալայում բողոքի ցույցեր սկսվեն: Իսկ գուցե Իլհամ Ալիևը Դաղստանում իրավիճա՞կ է լարում:
Բաց մի թողեք
«Կյամ գանգդ կոտրիմ հատե տըղ» կամ՝ Սամվել Շահրամանյանի ցինիզմի, երախտամոռության «մաստեր կլասսը»
Մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ «Զանգեզուրի միջանցքը» կանցնի ՀՀ-ի, թե Իրանի տարածքով. Ուրալօղլու
Աֆրիկյան պետություններում հեղաշրջում անելով հայտնի եղբայրները կուսակցություն են հիմնել