16/02/2025

Մեծ Բրիտանիան «ապահովագրում է» Ուկրաինային

Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Կիր Սթարմերն առաջին անգամ այցել է Կիև: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների ավարտին կողմերն ստորագրել են «100-ամյա համագործակցության համաձայնագիր, որպեսզի ապագա սերունդների համար խորացնեն անվտանգության կապերը»:

Իրավական փաստաթղթի մանրամասնությունները, բնականաբար, չեն հանրայնացվում: Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ համաձայնագիրը պետք է նպաստի նոր կառույցի միջոցով Բալթիկ, Սև և Ազովի ծովերում անվտանգության ապահովման նպատակով երկու երկրների համագործակցությանը՝ զսպելու շարունակվող ռուսական ագրեսիան:

Ըստ նույն աղբյուրի՝ փաստաթուղթը նախատեսում է նաև կողմերի համագործակցություն գիտատեխնիկական, առողջապահության, ագրոտեխնիկայի, տիերզերքի ուսումնասիրության եւ ԱԹՍ-երի արտադրության ոլորտներում:

Մեխ Բրիտանիայի վարչապետը Կիև է այցելել ԱՄՆ ընտրված նախագահի երդկմնակալությունից ընդամենը հինգ օր առաջ և մի իրավիճակում, երբ միջազգային մամուլը քննարկում է Թրամփ-Պուտին հանդիպման հավանականությունը: Իշխող տեսակետ է, որ ԱՄՆ և ՌԴ նախագաները «կարող են ազդեցության գոտիների վերաբաժանման գործարքի հասնել»:

Վաշինգտոնից ստացվող տեղեկություններն, իհարկե, այս տպավորությունը հիմնավորող շատ քիչ ազդակներ են փոխանցում: Բայց Միացյալ թագավորության վարչապետի և Ուկրաինայի նախագահի միջև ստորագրված համաձայնագրի աշխարհաքաղաքական ենթատեքստը պարզորոշ հուշում է, որ ԱՄՆ կողմից Ուկրաինան Ռուսաստանին «հանձնելու» մասին լուրերը կամ խիստ չափազանցված են, կամ Լոնդոնն իր քայլով Վաշինգտոնին ակնարկում է, որ Ռուսաստանի հետ սեպարատ համաձայնության գնալ չի կարող:

Ուշագրավ է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի Կիև այցին զուգահեռ Ելիսեյան պալատը հստակ հայտարարել է, որ «Ֆրանսիան պետք է մասնակցի ուկրաինական կարգավորման բանակցություններին»: Եվրոպական որոշ աղբյուրներ հայտնում են, որ Ֆրանսիան և Գերմանիան «Ուկրաինա խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցոց գաղտնի բանակցություններ են վարում»:

Ռուսաստանը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման «գերմանական տարբերակն անընդունելի է»: ԱՄՆ Սենատի պրոֆիլային հանձնաժողովում իր թեկնածության շուրջ քննարկումներում Միացյալ Նահանգների ապագա պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ ուկրաինական ճգնաժամի «ագրեսորը հայտնի է, բայց զիջումների պատրաստ պետք է լինի նաև Կիևը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետը, կարծես, Կիև է այցելել, որպեսզի Ուկրաինան իրեն «վստահ զգա»: Բրիտանա-ուկրաինական անվտանգային համագործակցության աշխարհագրական պարամետրերը թույլ են տալիս ենթադրել, որ Լոնդոնը Կիևին համար ինքնիշխանություն է «երաշխավորում» Սև և Ազովի ծովերում: Դա այն տարածքն է, որ Մոսկվան անվանում է «Նովոռուսիա» և համարում Ռուսաստանի անբաժանելի մաս:

Բրիտանա-ուկրաինական համաձայնությունն, իհարկե, այդ առումով «արկածախնդրության» տարրեր ունի: Բայց դա, ըստ երևույթին, հասցեագրված է Միացյալ Նահանգների ընտրված նախագահին: Պետք է ենթադրել, որ չնայած «անկանխատեսելությանը»՝ ԱՄՆ 47-րդ նախագահը չի հատի անգլո-ամերիկյան տանդեմի փլուզելու սահմանը: Արևմտյան աշխարհի, եվրա-ատլանտյան քաղաքակրթության համար դա կնշանակի «կարմիր գծի» հատում: Իսկ դա արդեն քաղաքակրթական աղետ կլինի: