16/02/2025

Պայմանագրի ստորագրմանը հաջորդում է աղմկոտ հանցագործություն Թեհրանում

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Գերագույն դատարանի երկու դատավորների սպանություն: Առայժմ անհայտ զինված անձը ներխուժել է դատարանի շենք և սպանել երկու դատավորներին, որոնք Իրանում հայտնի դատավորներ են:

Ըստ տեղեկության՝ անձը, որ սպանել է դատավորներին, ինքն էլ ինքնասպան է եղել: Հաղորդվում է, որ նա որևէ դատական գործ չի ունեցել դատարանում: Տեղի ունեցածն ահաբեկություն է, թե՞ այլ բնույթի հանցագործություն, դեռ պարզ չէ:

Իրանում այդօրինակ միջադեպերը, ցավոք սրտի, եզակի չեն: Սակայն Գերագույն դատարանի երկու հայտնի դատավորների սպանություն դեպքը, որ տեղի է ունեցել հունվարի 18-ին, ուշադրություն է գրավում նրանով, որ փաստորեն տեղի է ունենում Մոսկվայում ռուս-իրանական պայմանագրի ստորագրման հաջորդ օրը:

Պայմանագիր, որն անկասկած աշխարհաքաղաքական խոշոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որն ի վիճակի է նոր իրողություններ ձևավորել մի շարք առանցքային ռեգիոններում:

Ընդ որում ռուս-իրանական պայմանագրի 47 կետերի շարքում անդրադարձ է կատարվում նաև ներքին իրավիճակներին: Մասնավորապես, պայմանագրի դրույթներից մեկում նշվում է, որ պայմանավորվող կողմերը ապահովում են փոխգործակցություն հասարակական կարգի պահպանության և հանրային անվտանգության ապահովման, պետական կարեւոր օբյեկտների պահպանության և զենքի շրջանառության հանդեպ պետական վերահսկողության հարցերում:

Փաստացի, կողմերը կարող են դիմել միմյանց՝ այդ հարցերում օժանդակության որևէ տարբերակի համար: Իրանը կդիմի՞ Ռուսաստանին՝ ներիրանական հասարակական կարգի կամ հանրային անվտանգության պահպանությանն աջակցելու համար:

Իրանի ներքին «խոցելիության» մասին գնահատականներն ու դիտարկումներ տարածված են լայնորեն, դրանք պարբերաբար մատնանշվում են Իրանի անվտանգության մարտահրավերների և միջավայրի քննարկման համատեքստում:

Փաստացի, պայմանագրի ստորագրմանը հաջորդում է աղմկոտ հանցագործություն Թեհրանում, որը պայմանագրի ֆոնին, անշուշտ, արտահայտվում է բոլորովին «նոր լույսի ներքո»: