16/02/2025

Ռուսաստան-Իրան կոմունիկացիայի մի զգալի մասը պետք է ապահովի Ադրբեջանը

Ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որի մասին կողմերը խոսում էին ավելի քան երեք տարի, հունվարի 17-ին ստորագրվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա այցի շրջանակներում: Մեկնաբանների ուշադրության կենտրոնում, անշուշտ, առաջին հերթին փաստաթղթի այսպես ասած ռազմական բաղադրիչն է:

Ավելի վաղ արևմտյան փորձագիտական շրջանակները պնդում էին, որ ձևավորվում է Ռուսաստան-Հյուսիսային Կորեա-Իրան «չարի առանցք»՝ Չինաստանի գործուն օժանդակությամբ:

Ռուս-իրանական պայմանագրի հետաքրքրություն հարուցած հոդվածը ձևակերպված է այնպես, որ կողմերից մեկի դեմ հարձակման դեպքում մյուսը պարտավորում է որևէ օգնություն չցուցաբերել ագրեսորին, որը կնպաստի ագրեսիայի շարունակմանը: Ավելին՝ կողմերը պարտավորվում են նման դեպքում աջակցել, որպեսզի ծագած տարաձայնությունները կարգավորվեն ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ կիրառելի նորմերի հիման վրա:

Ուշագրավ է, որ նույն հոդվածում, ինչպես ռուսաստանյան մամուլն է փոխանցում, պայմանավորվող երկրները պարտավորվել են թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքն օգտագործվի սեպարատիստական շարժումներին և այլ՝ կայունությունը և տարածքային ամբողջականությունը վտանգող, ինչպես նաև միմյանց նկտամամբ թշնամական գործողությունների նպատակով:

Ի՞նչն է խանգարել, որպեսզի Ռուսաստանը և Իրանը պարտավորվեն, որ մեկի դեմ հարձակման դեպքում մյուսը պարտավորվում է ռազմական ուղղակի աջակցություն ցուցաբերել: Կողմերի միջև, երևում է, փոխադարձ վստահությունը բարձր չէ, եթե չասեվի, որ ավելի շատ անվստահություն կա, քան՝ փոխըմբռնում:

Մի իրավիճակում, երբ Իրանը փորձում է հաղթահարել կամ գոնե մեղմել արևմտյան պատժամիջոցները, որպեսզի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավի, Թեհրանը, կարծես, Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից տրամաբանական հեռավորություն է պահպանել: Բացառված չէ, իհարկե, որ նույն մոտեցումը նաև Ռուսաստանն է ցուցաբերել՝ խուսափելով Իրանի դեմ հարձակման դեպքում երրորդ երկրի կամ դաշինքի հետ ուղղակի առճակատման պատասխանատվությունից:

Այդ դեպքում ռուս-իրանական ռազմավարական և համապարփակ համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Իհարկե, կարելի է հավանական համարել, որ երեք տարի բանակցված փաստաթուղթն ունի «գաղտնի հավելվածներ»: Արևմտյան աղբյուրներն ասում են, որ վերջին մեկ ամսում Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Լարիջանին երեք գաղտնի այցելություն է կատարել Մոսկվա:

Տպավորություն կա, որ Իրանը միջուկային ծրագիրն ավարտին հասցնելու տեխնոլոգիական աջակցություն է խնդրել, բայց՝ ապարդյուն:

Ռուս-իրանական պայմանագիրը կարևոր է ոչ այնքան երկու երկրների հետագա հարաբերությունների, որքան տարածաշրջանային հնարավոր զարգացումների առումով, քանի որ միջնորդավորված է ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական խնդիրներով և այդքանով էլ կարող է ազդել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկման շուրջ քննարկումներին և ոչ հրապարակային խմորումներին:

Ըստ երևույթին՝ այդ պայմանագրի մանավանդ էներգետիկ և կոմունիկացիոն բաղադրիչների իրացմանն Ադրբեջանի մասնակցության հանգամանքն է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Բաքու այցի դրդապատճառներից մեկը: Սիրիայում և Մերձավոր Արևելքում առհասարակ՝ Թուրքիան ներկայումս «թամբի վրա է» և ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը և Իրանը չվերահաստատեն իրենց ազդեցությունը:

Գործնականում Ռուսաստան-Իրան կոմունիկացիայի մի զգալի մասը պետք է ապահովի Ադրբեջանը: Որոշ փորձագետներ «հեքիաթի ժանրից» են համարում Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան գազատարի կառուցումը, որովհետեւ Իրանն ինքը սեփական գազը վաճառելու խնդիր ունի, բայց Սանկտ Պետերբուրգ-Պարսից ծոց երկաթուղին, կարծես, իրատեսական է: Ռուս-իրանական «լեռը մուկ է ծնել», բայց նույնիսկ այդ դեպքում Թուրքիան անհանգստացած է: