13/02/2025

Կլինեն սահուն և արա՞գ, Մոսկվայում ու Թեհրանո՞ւմ, թե՞ …

Մոսկվայում ռազմավարական համապարփակ գործակցության մասին պայմանագիր կնքած Ռուսաստանի և Իրանի նախագահներն իրենց հանդիպման ու ասուլիսի ընթացքում, ի թիվս անվտանգության առումով տարբեր ռեգիոններում ընդհանուր հետաքրքրությունների ու շահերի, մի քանի անգամ հիշատակել են նաև Կովկասը:

Պուտինը հայտարարել է, որ Կովկասում խաղաղությունը բխում է Ռուսաստանի և Իրանի շահերից: Կովկասը՝ Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Կասպիցի ավազանի հետ նույն շարքում, առկա է նաև ստորագրված պայմանագրում:

Կողմերն այդ առնչությամբ նշում են անվտանգության ապահովման և արտառեգիոնալ ազդեցության չեզոքացման ուղղությամբ համատեղ ջանքի պայմանավորվածության մասին: Ի՞նչ է ենթադրելու Ռուսաստանի և Իրանի համատեղ ջանքը, ըստ այն պայմանագրի, որ ստորագրվել է Մոսկվայում և որի գործունեության ժամկետ է սահմանվել քսան տարին՝ հետագա հնգամյա շարունակության այսպես ասած ավտոմատ մեխանիզմով:

Պայմանագիրը շատ մանրամասն է կենսագործունեության բոլոր ոլորտների ընդգրկումով, սակայն անկասկած է, որ այդ հանգամանալից մանրամասն ուղենիշներն արդեն ոլորտ առ ոլորտ ենթադրելու են կոնկրետ գործողությունների շուրջ ընթացիկ պայմանավորվածություններ, իսկ գուցե նաև տարբեր մոտեցումներ և դրանց քննարկում, որովհետև պայմանագիրը ներառում է նաև հենց այդպիսի կանխավարկած:

Ըստ դրա՝ եթե կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում այս կամ այն դրույթը, ունենում են տարբեր կարծիքներ, ապա դրանց լուծման մեխանիզմ է դիտարկվում կողմերի միջև դիվանագիտական խորհրդակցությունն ու քննարկումները:

Հետևաբար, աներկբա պնդել, որ ստորագրված պայմանագիրը սահմանելու է Կովկասի անվտանգության միջավայրի հարցում ռուս-իրանական լիակատար համաձայնություն, թերևս կլինի չափազանցություն, սակայն մյուս կողմից կասկածից վեր է, որ պայմանագրի առկայությունը, նաև պայմանագրում Կովկասի հիշատակումը՝ ի թիվս մյուս անմիջական ռեգիոնների, որտեղ Իրանն ու Ռուսաստանը ունեն կենսական շահերի միջավայր, հուշում է այն մասին, որ այստեղ համատեղ աշխատանքի սկզբունքային որոշում այուհանդերձ առկա է:

Ըստ այդմ՝ առկա է հարցադրման հիմքը, թե արդյո՞ք հունվարի 17-ին ստորագրված պայմանագիրը ենթադրելու է Կովկասի առնչությամբ Ռուսաստանի և Իրանի անմիջական, մարտավարական քաղաքականության փոփոխություն:

Թե՞ դա պետք է սպասել միայն պայմանագիրը ներպետական վավերացումների ընթացակարգով անցկացնելուց և դրա ուժի մեջ մտնելուց հետո միայն: Սա թերևս, եթե ոչ գլխավոր, ապա առաջին հարցն է՝ պայմանագրի ներպետական վավերացման ընթացակարգերը կլինեն սահուն և արա՞գ, Մոսկվայում ու Թեհրանում, թե՞ դրանք նույնպես կունենան որոշակի ոդիսական, ինչպիսին ըստ էության, ունեցավ պայմանագրի ստորագրումն ինքնին: