13/02/2025

Արդյո՞ք Հայաստանի պաշտոնյան Թեհրան է տարել պաշտոնական Երևանի որևէ հաղորդագրություն

Աշխատանքային այցով Իրան է մեկնել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, որը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիին: 

Պաշտոնական հաղորդագրությունն արձանագրում է այն օրակարգն ու ձևակերպումները, որ հնչում են հայ-իրանական շփումների ընթացքում պարբերաբար: Ուշագրավ է այցի հանգամանքը ինքնին, եթե նկատի առնենք այն, որ օրեր առաջ Հայաստանում էր Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանը:

Նա ժամանել էր, իհարկե, ռեգիոնալ այցով Բաքու, իսկ հետո Երևան: Հայաստանում նրա հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-իրանական հարաբերությունն ունի անսասան մի երաշխիք՝ բնական շահերի ընդհանրությունը:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցից հետո Հայաստանի ԱԳ փոխնախարարի աշխատանքային այցն Իրան մի կողմից վկայում է երկկողմ գործակցության ընդգրկուն բնույթի մասին, մյուս կողմից, սակայն, կարող է լինել որևէ «հաջորդականության» վկայություն:

Արդյո՞ք Հայաստանի պաշտոնյան Թեհրան է տարել պաշտոնական Երևանի որևէ հաղորդագրություն, որ կապված է եղել իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի ընթացքում կայացած քննարկումների հետ:

Դրանից բացի, ժամանակագրական առումով ուշադրության է արժանի նաև այն, որ Հայաստանի ԱԳ փոխնախարարի այցը Իրան փաստորեն տեղի է ունենում Մոսկվայում ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագրի ստորագրումից հետո, որը տեղի ունեցավ հունվարի 17-ին Իրանի նախագահի Մոսկվա այցի ընթացքում:

Եվ թերևս առավել ուշագրավը, որ նույն օր առավոտյան տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, որը փաստորեն չէր մերժել զրույցի նախաձեռնությունը՝ չնայած Իրանի նախագահի այցով ենթադրվող զբաղվածությանը:

Դա էլ կարող էր թույլ տալ եզրակացնել, որ Հայաստանի վարչապետի հեռախոսազանգը կարող էր նաև առնչություն ունենալ ռուս-իրանական հարաբերությանն ու պայմանագրին, հատկապես, որ փաստորեն տեղի ունեցավ ոչ միայն այդ պայմանագրի ստորագրման օրը, այլ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթից երեք օր անց:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, անշուշտ, զգայուն են այդօրինակ փաստաթղթի նկատմամբ, և միևնույն ժամանակ անկասկած է, որ Երևանը պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ զգայունությունը, որպեսզի հայ-ամերիկյան կարևոր հարաբերության խորացումը չվնասի այլ կարևոր ուղղություններում հարաբերությանը:

Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի որոշակի «արդյունք» կամ «ածանցյալ է: