10/02/2025

Ռուսաստանը հանգիստ կթողնի արդյոք Սյունիքը

Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը, հղելով Türkiye Today-ին, տեղեկացնում է, որ հունվարի 17-ին Սիրիայի ֆինանսների նախարարությունը շրջաբերական է տարածել, որ արգելում է ծովային և ցամաքային ճանապարհով Ռուսաստանից, Իրանից և Իսրայելից բոլոր տեսակի ապրանքների ներկրումը: Արգելքն ուժի մեջ է մտել անհապաղ:

Ավելի վաղ Սիրիայի նոր իշխանություններն արգելել են Իրանի և Իսրայելի քաղաքացիների մուտքը: Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից ի վեր այդ երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը մնում է անորոշ: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի ողջ տարածքով մեկ ցրված ռուսաստանյան «պարեկային զինծառայողները» տեղափոխվել են Հմեյմիմ և Տարտուս:

Նույն աղբյուրները հայտնում են, որ անցած մեկուկես ամսվա ընթացքում Ռուսաստանը գործի է դրել բոլոր դիվանագիտական հնարավորությունները, որպեսզի գոնե Տարտուսի ռազմական հենակայանը պահպանի, բայց հաջողություն չի հասել:

Բաքվի իշխանական լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ Վլադիմիր Պուտինը գործի է դրել արաբական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, սակայն արդյունքի չի հասել, նոր իշխանությունները պնդել են, որ Սիրիայի տարածքում Ռուսաստանը ռազմական ներկայություն չի կարող ունենալ:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, իսկ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնող Դոնալդ Թրամփն այդ մասին հայտարարել է բաց,-որ Սիրիան Թուրքիայի կողմից «գրավված է», և այսպես կոչված «անցումային կառավարությունը» որոշումներ ընդունում է Անկարայի թելադրանքով:

Փաստացի Ռուսաստանին Սիրիայից դուրս է մղում Թուրքիան: «Անցումային կառավարության» լիազորությունները մարտի մեկին սպառվում են, բայց, ամենայն հավանականությամբ, նա չի հեռանա, որովհետև նոր սահմանադրության ընդունումը և ընտրությունների անցկացումը ոչ միայն ժամանակ, այլև ներքին ու արտաքին դերակատարների միջև լայն համաձայնություն է պահանջում, իսկ դրան կարճ ժամանակամիջոցում հասնել հնարավոր չէ:

Ստեղծված իրավիճակը հետաքրքրություն է ներկայացնում նաև նրանով, որ Սյունիքի հարավում հաղորդակցությունների բացման շուրջ փորձագիտական գնահատականներից մեկն էլ այն էր, որ Ռուսաստանը դրանում շահագրգռված է, որպեսզի Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ ունենա Սիրիայում իր ռազմակայանների հետ:

Քաղաքականության մեջ, ինչ խոսք, ոչինչ բացառելի չէ. Որևէ իրավիճակում Թուրքիան կարող է համաձայնել, որ Սիրիայում ռուսաստանյան ռազմական ներկայություն մնա կամ վերահաստատվի: Բայց կոնկրետ այս փուլի համար Էրդողանը հայտարարել է, որ Աստանայի պայմանավորվածությունները չեն գործում:

Հավանական է, որ նաև այդ պատճառով է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել, որ աշխատանքային խմբի, խոսքը փոխվարչապետներ Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորած խմբի մասին է, Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարց երբեք չի քննարկվել: Եթե Ռուսաստանը Սիրիայից հեռանում է, ապա Սյունիքում հաղորդուղիների նկատմամբ նրա հետաքրքրությունը նվազո՞ւմ է: