16/02/2025

Սպասել, որ ներողություն կխնդրի հանրությունից կամ կդիտարկի որպես կամովի հրաժարականի պատճառ, դեմ կլիներ ՔՊ քաղաքականությանը

ՔՊ-ում ԲԴԽ անդամի միակ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը կամովին որոշել է իր թեկնածությունը հանել։ Ժողովրդավարության ինչպիսի՜ դրսևորում։

ՔՊ-ն դեռ իներցիայով ուզում է ըմբոշխնել Բայդենի «հայաստանյան ժողովրդավարության» քաղցր պտուղները, մոռանալով, որ Թրամփի մոտ այդ խաղաթուղթն այլևս չի անցնում։ Փաստաբան բալան կամովին հրաժարվել և մեջբերել է երկու պատճառ, որ այդ քայլն անում է․ «Նախորդ օրերից եղան քննարկումներ երկու գույքային հարցի շուրջ, և այն ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված։ Գտնում եմ, որ այդ չվերացված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չէ, և դա վնասելու է մեր դատարանի իմիջին ու դատավորի կարգավիճակին»։

«Ես կուսակցական եմ, ես իմ կուսակցական կարգավիճակը պետք է դադարեցնեի ընտրվելուց հետո։ Այս պահի դրությամբ հանում եմ միայն թեկնածությունն ու եթե նման ընթացակարգ կա, պետք է խնդրեմ, որ Ազգային ժողովը չքվեարկի»։

Ոչ մի խոսք չկա, որ ինքն իր թեկնածությունը հանում է, որովհետև թշնամանք տարածող, խայտառակ ու տգետ բառապաշարով գրառումներ է արել, և հանրությունը խիստ կվրդովվի, եթե ինքը ԲԴԽ անդամ ընտրվի, ու դա կազդի ՔՊ-ի չեղած իմիջի փշուրների վրա։ ՔՊ-ն նրան հնարավորություն է տվել, որպեսզի բաց ճակատով իբր թե կամովի հրաժարականն իրականացնի։

Դա պատճառների մեջ չի մտնում։ Ինքը հրաժարական է տալիս, որովհետև կուսակցական է և գույքային ընկերությունում իր ներգրավվածությունն ունի։  Հանրությանը հասցրած խայտառակ վիրավորանքը, թշնամական գրառումները ոչ մի էական նշանակություն չունեն։ ՔՊ գործող իշխանությունն ապացուցել է, որ հանրության հետ կարող է վարվել ամենախայտառակ նսեմացման, նվաստացման  ձևերով և չպատժվել։

Փաստաբան բալայից սպասել, որ նա ներողություն կխնդրի հանրությունից կամ դա կդիտարկի որպես կամովի հրաժարականի պատճառ, դեմ կլիներ ՔՊ քաղաքականությանը։  Փաստորեն փաստաբան բալան  չի զղջացել խայտառակ գրառումների համար։ ՔՊ-ի համար դա օրենք է ու թույլատրելի իր անդամների մասով։

Հասմիկ Բաբաջանյան; «Հրապարակ օրաթերթ»