14/02/2025

Քրեական հեղինակությունների հետ կապ չունեմ․ Հայկ Սարգսյան

«ՀՀ վարչապետի հետ մեր հարաբերությունները պայմանավորված են փոխադարձ ըմբռնմամբ, և վարչապետը իմ ցանկացած միտք, առաջարկ մշտապես ընդունում է»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Չի եղել մի հարց, որ ես վարչապետի մոտ բարձրացնեմ, ու վարչապետը համապատասխան հանձնարարականներ չտա և իր գլխավորությամբ քննարկումներ չկազմակերպի, որի ընթացքում ես հնարավորություն եմ ունենում բարձրաձայնել այն խնդիրները, որոնք տեսնում եմ ու դրա համար շնորհակալ եմ վարչապետին»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք հաստատո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը «սև ցուցակ» ունի, Սարգսյանը նկատեց․ «Ես չհաստատեցի նման բան։ Դուք հարցնում եք՝ վարչապետի «սև ցուցակ»-ում կա՞մ, ես ասեցի՝ ըստ իս՝ չկամ»։

Նրա խոսքով՝ ինքը որևէ այլ պաշտոնի չի հավակնում. «Ես կապ չունեմ քրեական հեղինակությունների հետ։ Ազգային ժողովում նաև հարց եմ տվել ՆԳ նախարարին քրեական ենթամշակույթի հետ կապված։ Եթե ես հովանավորեմ որևէ քրեական հեղինակության կամ կապ ունենամ, բնականաբար, նման հարցեր չեմ տա։ Ես պահանջում եմ, որ ՆԳ նախարարությունը կատարի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներն ու պատասխանատվության ենթարկի բոլոր նրանց, որոնք քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեն, տվել են, ստացել են, կամ պահպանում են»։