ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է Մարկո Ռուբիոյի և Հաքան Ֆիդանի միջև հեռախոսազրույցի մասին: Ֆիդանը փաստորեն երկու օրերի ընթացքում «հայտնվել» է բավականին ուշագրավ հեռախոսազրույցների շրջապտույտում:
Նա խոսել է ՌԴ ԱԳ նախարարի, Իրանի ԱԳ նախարարի և փաստորեն նաև ԱՄՆ պետքարտուղարի հետ: Որքանով են այդ զանգերը միմյանց հետ կապակցված ուղղակիորեն, բարդ է ասել միարժեք:
Անկասկած է, որ կան կապակցվածության հնարավորություն առաջացնող մի շարք գործոններ: Մարկո Ռուբիոյի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ ուշադրության է արժանի մի նրբերանգ:
Նշվում է, որ ԱՄՆ ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հարցը: Ուշադրության արժանին դա չէ, այլ այն, որ, կարծես թե, խոսք չկա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերության մասին:
Սպիտակ տան նոր վարչակազմի համար հայ-թուրքական թեման հետաքրքրության շրջանակում չէ՞, թե՞ մոտեցումն այն է, որ թեման կապված է հայ-ադրբեջանականի հետ: Պաշտոնական Երևանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ Թուրքիան, ցավոք սրտի, հայ-թուրքական գործընթացը պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով: Այդ մոտեցումը «լեգիտի՞մ» է ԱՄՆ նոր վարչակազմի համար: Հայտնի է, որ նախկին վարչակազմը պարբերաբար հետաքրքրվել է Հայաստան-Թուրքիա գործընթացով:
Ավելին, Հայաստան այցելող ամերիկացի դիվանագետները հաճախ հանդիպում էին ոչ միայն գործադիր իշխանության ներկայացուցիչներին, այլ նաև հայ-թուրքական գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբինյանին:
Իհարկե, առանձնապես մանրամասներ չեն հանրայնացվել, թե այդ հանդիպումներում ինչ դիրքորոշում էին արտահայտում ամերիկացի դիվանագետները, սակայն ինքնին հանդիպումների փաստը հուշում էր, որ այդուամենայնիվ գործընթացը դիտարկվում էր առնվազն առանձին ֆորմալության մեջ:
Իսկ այդ հանգամանքը, թեև, իհարկե, վճռորոշ համարելը և գերագնահատելը կլինի շատ թյուր, բայց նույնիսկ այդօրինակ ֆորմալ վերաբերմունքի պահպանումը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան գործընթացը բալանսավորող, թեկուզ փոքր, սակայն քիչ գործոններից մեկը:
Բաց մի թողեք
«Մեղրիի հանգույցը քանդելուն» օժանդակության դիմաց Իրանը Բաքվից ի՞նչ ակնկալիքներ կունենա
Բաքուն սրում է հարաբերությունները Կրեմլի հետ, ՌԴ-ն՝ կորցնում ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. The Guardian
Ասե՞լ ունեցած տեղեկատվությունը, թե՞ չասել, սա է խնդիրը