14/02/2025

Ներքաղաքական ինչպիսի «փոթորիկներ» են առաջ բերելու «Թրամպ-Պուտին» մոտալուտ հանդիպումը

Եվ այսպես, տեղի ունեցավ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, եւ նա պաշտոնապես ստանձնեց այդ երկրի 47-րդ նախագահի պարտականությունների կատարումը՝ արդեն երկրորդ անգամ:

Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Ֆլորիդայի իր հանգստավայրում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, ինչով իր հետագա գործունեության վրա էր հրավիրել աշխարհի հետաքրքրությունը։

Նա, մասնավորապես, չի բացառել Պանամայի ջրանցքն ու Գրենլանդիան ուժով վերցնելու եւ Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը:

Փաստացի՝ Ամերիկայի 45-րդ, իսկ այժմ նաեւ 47-րդ նախագահը պատրաստվում է հիշյալ երկրների հետ վարվել այնպես, ինչպես այսօր Ուկրաինայի հետ վարվում է ՌԴ նախագահ Պուտինը: Ռուսական ասացվածք կա. «Ձկնորսը ձկնորսին հեռվից է նկատում»: Սա ուժեղ պետությունների մրցակցություն է՝ ճիշտ այն իրավիճակը, որ կար նախքան Առաջին համաշխարհային պատերազմը:

Եվ եթե Առաջին աշխարհամարտից հետո կազմավորվեց նոր աշխարհակարգ, ու փլուզվեցին կայսրությունները, այժմ պատմության անիվը հակառակ ուղղությամբ է պտտվում՝ վերակազմավորվում են կայսրությունները:

Հետաքրքիր է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) ոչ միայն չի ցանկանում ընդդիմանալ Թրամփին՝ գոնե Դանիայի վերահսկողության տակ գտնվող Գրենլանդիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասով, այլեւ պատրաստվում է առանց կռվի անձնատուր լինել՝ կապիտուլացվել: ԵՄ-ն, ըստ երեւույթին, ոչ թե ռուսական առածի «ձկնորսն» է, այլ՝ «ձկան որսը»:

Դժվար չէ կանխատեսել, թե ներքաղաքական ինչպիսի «փոթորիկներ» են առաջ բերելու «Թրամպ-Պուտին» մոտալուտ հանդիպումն ու հնարավոր գործարքները տարբեր երկրների կյանքում եւ ճակատագրերում: Երկու կարեւոր գերտերությունների առաջնորդների հանդիպման թեմայով աշխույժ խոսակցություններ են գնում, բայց հանդիպման տեղի ու ժամանակի մասին առայժմ մանրամասներ չեն հայտնվում:

Մի բան, սակայն, հստակ է՝ Եվրամիության երկրներում իշխանափոխության գործընթացներն անկասելիորեն ուժգնանում են, փոխվում են ընտրախավերը, գալիս են նոր ուժեր: Նույնը, անկասկած, տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, երբ Ուկրաինայում հաջողվի ձեռք բերել պայմանավորվածություն:

Դա, թերեւս, կլինի պայմանավորվածություն ազդեցության գոտիների վերաբաժանման շուրջ՝ ջունգլիների կանոններով: Պարզ չէ, թե ինքնապաշտպանության բնազդից զուրկ ՔՊ-ական խմբակը որքանով է ընկալում երկրի կարգավիճակի փոփոխության հեռանկարը, բայց հոգեբանական օգնության կարիք իշխող վարչախումբը, անշուշտ, զգալու է:

Հայաստանի հոգեբանները, հոգեբույժներն ու հոգեվերլուծաբանները շատ շուտով հաճախորդների հոսք են ունենալու եւ պետք է պատրաստվեն այս ոլորտի շուկայի աշխուժացմանը:

Իսկ այն երեք երկրների ղեկավարները, որոնց նկատմամբ ԱՄՆ նորընտիր նախագահը չի թաքցրել տարածքային իր հավակնությունները, խոսքի տակ չեն մնացել, համարժեք դիմադարձել են նրան: Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եթե Թրամփը շարունակի «սպառնալ իր երկրին»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն X-ում գրել է, որ նման բան անհնար է. «Չափազանց անհավանական է, որ Կանադան դառնա Մ.Նահանգների մի մասը»: Բայց ամենասրամիտ արձագանքը Դանիայի թագավորինն է. նա փոխել է թագավորական զինանշանը: Նոր տարբերակում Դանիային պատկանող Գրենլանդիան եւ Ֆարերյան կղզիներն ավելի ընդգծված են պատկերված:

Ենթադրվում է, որ դրանով թագավորը հասկացրել է, որ չեն պատրաստվում այդ տարածքները որեւէ մեկին զիջել: Ժամանակը ցույց կտա: