20/02/2025

Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանին ուղղված շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը

Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը:

Նրա գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։

Նախորդ դատական նիստում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուս ղեկավարների գործին և քննել միասին, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։

Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», Ադրբեջանցի քննիչները Վարդանյանին մեղադրանք են առաջադրել ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմակերպությունների ստեղծման և Ադրբեջան ապօրինի ժամանելու համար։ Այդ ժամանակվանից քաղաքական գործիչը մյուս հայ բանտարկյալների հետ գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում։

Նշենք, որ շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

Բաքվի ռազմական դատարանում հունվարի 27-ին շարունակվելու է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով կեղծ դատավարությունը:

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը: