13/02/2025

Ռուսաստանում կլինի տնտեսական ճգնաժամ

Ռուսաստանի կենտրոնական բանկը հրապարակել է Ռուսաստանի բիզնես միջավայրի եւ տնտեսության հիմնական ցուցիչների հետ կապված մոնիթորինգի արդյունքները, որն արվել է այս տարվա հունվարին։

Ինչպես նշում են nezigar տելեգրամյան ալիքի վերլուծաբանները, ցուցիչները բավականին նվազել են՝ հասնելով վերջին երկու տարվա նվազագույն շեմին։ Ըստ այդմ, գործարար ակտիվության ցուցիչը հունվարին՝ անցյալ տարվա դեկտեմբերի 4,3 տոկոսային կետի փոխարեն հասել է 3,8-ի։

Արդյունաբերության մասով, ընթացիկ տարվա հունվարի եւ 2020-ի նույն ժամանակահատվածները լիովին համադրելի են։ Ձեռնարկությունների կողմից բացասաբար է գնահատվել առաջարկի եւ պահանջարկի կարճաժամկետ հարաբերակցությունը։

Ուշագրավ է այն, որ արտադրական հզորությունների ծանրաբեռնվածությունը արտադրություն իրականացնող ռեալ սեկտորներում շարունակում է մնալ պատմական առավելագույն ցուցանիշի վրա։

Սակայն վերամշակող արդյունաբերության եւ ավտոտրանսպորտային միջոցների առեւտրի սեկտորներում ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազել է։ Ձեռնարկությունները վարկավորման պայմանները դիտարկում են որպես խիստ կամ խստացված, ինչը, ըստ տնտեսագետների, նշանակում է, որ վարկային ռեսուրսների հասանելիությունը վատացել է, նաեւ՝ ավելացել է փոխառական կապիտալի արժեքը։

Անցյալ տարվա չորրորդ եռամսյակում ձեռնարկությունների ներդրումային ակտիվությունը նվազել է։ Այս տարվա հունվարին ակտիվության ցուցանիշը բավականին լավ է, սակայն տնտեսագետները նշում են, որ դա կապված է ոչ այնքան նոր ներդրումների ներգրավման, որքան արդեն սկսած ներդրումային ծրագրերն ավարտին հասցնելու հետ, ինչն իր հերթին նշանակում է, որ լավ ցուցանիշը դեռ հուսադրող չի կարող համարվել։

Սրա փոխարեն, ձեռնարկությունների երկարաժամկետ գնահատման արդյունքում կարելի է ասել, որ ընթացիկ տարվա մեջ լինելու է ներդրումային հոսքերի կրճատում։ Սրանով պայմանավորված, շատ ձեռնարկություններ ձեռնպահ են մնում նոր աշխատողներով իրենց աշխատակազմը համալրելուց։ Աշխատաշուկայում շարունակվում է պահպանվել կադրային դեֆիցիտը, ինչը հատկապես զգալի է մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատողների պարագայում։

Աշխատողների դեֆիցիտը հատկապես սուր է զգացվում վերամշակող ձեռնարկություններում։ Սակայն, սրա հետ մեկտեղ, նոր աշխատողներով ձեռնարկությունների համալրման գործընթացն իրականացվում է շատ դանդաղ, ինչը կապված է ներդրումային հոսքերի հնարավոր կրճատումների կանխատեսումների հետ։

Արդեն հինգերորդ ամիսն է՝ գնային ակնկալիքները շարունակում են մնալ պատմական առավելագույն ցուցանիշի վրա։ Սղաճի ցուցանիշը, որը հաշվի են առնում ձեռնարկությունները՝ ընթացիկ տարվա իրենց գործունեությունը կազմակերպելու համար, կազմում է 10,7 տոկոս։

2024 թվականի հունվարին այդ ցուցանիշը եղել է 9,4 տոկոս։ Ըստ մի շարք տնտեսագետների, առկա ցուցանիշների վրա հիմնվելով, հատկապես հաշվի առնելով աճի տենդենցը, դեռեւս կարելի է խոսել այն մասին, որ բիզնես միջավայրն ու տնտեսությունը Ռուսաստանում չեն գտնվում ճգնաժամային վիճակում։

Զուգահեռաբար կարելի է արձանագրել, որ դրամավարկային քաղաքականությունը Ռուսաստանում շարունակում է մնալ բավականին խիստ։ Սակայն կան վերլուծաբաններ, որոնք տագնապեցնող կամ առնվազն մտահոգիչ են համարում այն, որ արդյունաբերապես զարգացած որոշ ռեգիոններում նկատվում է բիզնես միջավայրի անկում։

Սա կարող է նշանակել այն, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը, որն իրականացնում է հիմնական դրամավարկային քաղաքականությունը, առանց առկա խնդիրներին գոնե փոքր-ինչ լուծում տալու, իր խիստ քաղաքական գծով սկսել է «շնչահեղձ անել» արդյունաբերությանը, դրանով իսկ ստեղծելով նախադրյալներ՝ խոշոր տնտեսական ճգնաժամի համար։