13/02/2025

Բաբկեն Թունյանի երկու պնդումները թերի են. ՊԵԿ-ը հասանելիություն կունենա քաղաքացու ոչ թե 2, այլ 3 թվային տվյալի

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, հունվարի 28-ին ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պետության կողմից քաղաքացիների բանկային հաշիվներին հասանելիության թեմային, գրել է, թե «որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ…»:

Պատգամավորը հարց է բարձրացրել՝ ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը), ապա ինքն էլ պատասխանել․ «(․․․ ՊԵԿ-ը բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:

Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորի վերոնշյալ երկու պնդումները:

Պնդում 1

— Պետությունը բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:

Ազգային ժողովի կողմից 2024 թ. փետրվարի 28-ին ընդունված և ապրիլի 7-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված է. «… հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը:

Դա արվում է Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով»:

Նույն օրենքի կարգավորմամբ բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը ներառում է հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:

Այսպիսով, Բաբկեն Թունյանի պնդումը՝ թե ՊԵԿ-ը բանկից ստանում է ընդամենը 2 թիվ՝ քաղաքացու հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը, թերի է, քանի որ վերոնշյալի հետ մեկտեղ ՊԵԿ-ն ստանում է նաև 3-րդ թվային տվյալը՝  հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի մասին:

 Պնդում 2

— Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:

«ՀՀ հարկային օրենսգրքի  17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը»:

Հարկային մարմնի հարցումն ստանալուց հետո նույն մասով սահմանված ժամկետներում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Այսպիսով, պատգամավորի երկրորդ պնդման առաջին մասը, այն է՝ քաղաքացու բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն քաղաքացու համաձայնությամբ (եթե նա անհրաժեշտության դեպքում տրամադրի քաղվածքը), թերի է, որովհետև ըստ օրենքի, հարցը ոչ թե քաղաքացու համաձայնության, այլ պարտավորության մասին է: Մասնավորապես, բանկային քաղվածքը քաղաքացին (ոչ թե եթե, այլ) ուղղակի պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացնել, հակառակ պարագայում, ինչպես Թունյանն է նշել, ՊԵԿ-ն այդ տեղեկատվությունը, այսպես թե այնպես, կստանա դատական կարգով:  

Գայանե Մարկոսյան