13/02/2025

Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա «սահմանազատման» ավարտին անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ «սահմանազատումը» խոցելի է դարձրել ու շարունակում է դարձնել ոչ միայն Տավուշը, այլև ողջ Հայաստանը։

«Տավուշի մարզ էի գնացել: Սահմանամերձ տարբեր բնակավայրերում և խնդրահարույց հատվածներում որոշակի դաշտային ուսումնասիրություններ եմ իրականացրել:

Յուրաքանչյուր գյուղում, ընդհանուր առմամբ, որոշակի պատկերացում ունեն «սահմանազատման» այն պրոցեսի մասին, որը կոնկրետ իրենց կամ հարևան գյուղերին է վերաբերում, սակայն իմ գնահատմամբ, մարզային կտրվածքով, հավաքական սպառնալիքի մասին ամբողջական պատկերացում ոչ բոլորի մոտ կա:

Իհարկե, ոչ միայն այսօր, այլ նախորդ այցերիս ժամանակ հանդիպել եմ մեծ թվով անձանց, ովքեր յուրաքանչյուր մասնագետից լավ տիրապետում են իրավիճակին` և´ վտանգների, և´ վնասների, և´ ծանր հետևանքների իմաստով:

Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի առաջնահերթություններ և ողջ գործընթացը փորձում է սեփական հայեցողության ու սկզբունքների շուրջ կառուցել, իսկ դիրքային անհավասարության պայմաններում էլ` դեմարկացիային վերաբերող բանակցային էլեմենտներն իր օգտին է օգտագործել ու շարունակում է նույն ոգով:

Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով և խախուտ հեռանկարով Հայաստան»: