17/02/2025

Զելենսկու «ոչ լեգիտիմ» լինելու մասին Պուտինի պնդումը կեղծ է. ռազմական դրությունը բացառում է ընտրություններ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 28-ին Россия 1 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ վերջինիս կրկին անվանելով «ոչ լեգիտիմ»։ 

Լրագրողը հետաքրքրվել ՝ Զելենսկու հետ բանակցություններ ընդհանրապես հնարավո՞ր է վարել, ինչին Պուտինը պատասխանել է․ «Բանակցություններ հնարավոր է վարել ցանկացածի հետ, միայն իր ոչ լեգիտիմության պատճառով նա (Զելենսկին-խմբ.) իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Եթե ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կպատվիրակեմ մարդկանց, որոնք նրա հետ կվարեն այդ բանակցությունները։ Բայց հարցը պայմանագրի վերջնական ստորագրումն է»,- ասել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է, որ ստորագրվող փաստաթուղթը պետք է ապահովի Ուկրաինայի, Ռուսաստանի անվտանգությունը, և այդ հարցում որևէ բաց չպետք է լինի։ ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայում իշխանության օրինական մարմին է համարվում միայն Գերագույն Ռադան։

«Ուկրաինայի սահմանադրության համաձայն, Ուկրաինայի նախագահը նույնիսկ ռազմական դրության պայմաններում իրավունք չունի երկարացնել իր լիազորությունները։ Լիազորությունները երկարաձգելու իրավունք ունի միայն Ռադան, այսինքն՝ երկրի խորհրդարանը։ Նախագահն ունի միայն կառավարման 5 տարի ժամկետ, վերջ, ուրիշ ոչինչ չունի, հետո նրա լիազորությունները տրվում են Ռադային»,- հավելել է Պուտինը։

ՌԴ նախագահի այս պնդումը նոր չէ, և «Փաստերը ստուգման հարթակը» նախկինում ևս անդրադարձել է դրան։

Ըստ Ուկրաինայի սահմանադրության, երկրի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով․ Զելենսկին նախագահ է ընտրվել 2019 թվականի մայիսին, և անցած 2024 թվականին պետք է կազմակերպվեին նախագահական ընտրություններ, որոնք տեղի չեն ունեցել։

Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից երկիր ռուսական ներխուժմամբ պայմանավորված ռազմական դրություն է գործում, որը երկարացվել է մինչև 2025 թվականի փետրվարի 7-ը։

Պուտինը շրջանցում է ռազմական դրության մասին Ուկրաինայի ներքին օրենսդրությունը, ինչը թույլ է տալիս ռազմական դրության պայմաններում չանցկացնել նախագահական ընտրություններ. օրենքի 19-րդ հոդվածը բացառում է ռազմական դրության ընթացքում որևէ՝ այդ թվում նաև նախագահական ընտրությունները։

Ըստ ուկրաինական սահմանադրության, Գերագույն Ռադայի նախագահին նախագահի լիազորությունները կարող են փոխանցվել մի քանի դեպքերում՝ նախագահի իմպիչմենտի, անաշխատունակության, հրաժարականի կամ մահվան դեպքերում։ Ընդ որում, Ռադան Ուկրաինայի նախագահի լիազորությունները կարող է կատարել մինչև նոր ընտրություններ, որոնք, ըստ նույն սահմանադրության, պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում։

Ուկրաինական օրենսդրությունը, սակայն, չի մասնավորեցնում, թե իրավական ինչ ընթացակարգեր են սահմանված ռազմական դրության պայմաններում նախագահի՝ վերոնշված որևէ դեպքով հեռացման պարագայում։

Այսպիսով, Պուտինի պնդումը, թե Զելենսկին ոչ լեգիտիմ նախագահ է, քանի որ երկրի սահմանադրությամբ նախատեսված 5-ամյա ժամկետը խախտել է՝ երկարաձգելով իր պաշտոնավարումը, չի համապատասխանում իրականությանը։

Նանե Մանասյան