17/02/2025

Ինչպիսին է Երևանի «տնային աշխատանքի» և ԱՄՆ նոր վարչակազմի հետ կոմունիկացիայի աստիճանը

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ, ինչպես հայտնի է, մասնակցելու է Կրոնական ազատությունների ալյանսի հերթական՝ հինգերորդ գագաթնաժողովին:

Ինչպես հայտնի է, Հայաստանը ալյանսին անդամակցել է 2020 թվականի հունիսին, և նպատակը, թերևս, եղել է մի կողմից ԱՄՆ վարչակազմի հետ աշխատանքային հաղորդակցության արդյունավետությանը նպաստող քայլ կատարելը, քանի որ ալյանսը ԱՄՆ վարչակազմի, մասնավորապես այն ժամանակ պետքարտուղար Պոմպեոյի նախաձեռնությունն էր, մյուս կողմից թերևս հարթակն օգտագործել Թուրքիայի աճող հավակնությունները զսպելու համար:

Ըստ էության, եթե դատենք արդյունքով, ապա Երևանին չի հաջողվել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Մի քանի ամիս անց եղել է 44-օրյա պատերազմ, որևէ մեկը Թուրքիային չի կանգնեցրել այդ պատերազմին ուղիղ մասնակցության առումով:

Ո՞րն է այդ ալյանսի մեջ մնալու Հայաստանի նպատակն ու իմաստն այժմ: ԱՄՆ վարչակազմին «դուր գա՞լը»: Եթե Երևանը չի կարող օգտագործել վարչակազմի հետ աշխատանքային երկկողմ խողովակները, ապա մտածել, թե Կրոնական ազատությունների ալյանսը լինելու է որևէ առումով օգտակար և արդյունավետ, թերևս կլինի մոլորություն:

Սա չի նշանակում, որ Հայաստանի համար հրատապ է ալյանսից դուրս գալը, առավել ևս, որ ըստ ամենայնի Թրամփի վարչակազմը կարող է դրան տալ ավելի ակտիվ կիրառություն, քան 5 տարի առաջ: Ակնառու է, որ Թրամփը թե՛ նախագահական ընտրարշավի ընթացքում, թե՛ իր թիմը ձևավորելիս բավականին շոշափելի տեղ է տվել դավանական բաղադրիչին, ընդ որում՝ այդ համատեքստում շփումներ ունենալով նաև եկեղեցիների համաշխարհային Խորհրդի նախագահ, Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Իսկ սա, անշուշտ, Հայաստանի համար էլ կարևոր խողովակ է, որի հետ հաղորդակցությունը պետք է պահել պատշաճ աշխատանքային մակարդակի վրա:

Այդուհանդերձ, Կրոնական ազատությունների ալյանսը չի կարող լինել հայ-ամերիկյան աշխատանքային հարթակ: Այցը դարձնել առիթ՝ հայ-ամերիկյան հարաբերության վերաբերյալ շփումներ ունենալու համար, գուցե հնարավոր է: Համենայն դեպս, Երևանը, թերևս, պետք է կատարեր այդ առիթն օգտագործելու տնային աշխատանք:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ:: Իհարկե, ձեռքսեղմում կամ կարճատև շփում, լուսանկար՝ կարող է եւ լինել, սակայն սպասելի է, որ հանդիպում՝ նախատեսված չէ:

Բայց, անշուշտ, ԱՄՆ տրամաչափը ենթադրում է ինստիտուցիոնալ տարբեր էական մակարդակներ, որոնք կարող են լինել որոշակի ցուցիչ, եթե ինչպիսին է Երևանի «տնային աշխատանքի» և ԱՄՆ նոր վարչակազմի հետ կոմունիկացիայի աստիճանը: