Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին և ասել, որ որոշ ուժեր փորձում են խաթարել երկու երկրների բարեկամական կապերը: Խոսքը ո՞ր երկրների մասին է՝ նա չի մանրամասնել:
Շուրջ եռամյա ընդմիջումից հետո, հունվարի 21-ին Դավոսում կայացել է Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում: Այդ մասին Բաքվի լրատվամիջոցները հայտնել են՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի սոցցանցային գրառմանը, որի առանցքային միտքն այն էր, որ ադրբեջանական քաղաքացիական օդանավի կործանման փաստերն ակնհայտ են, պետք է ճնշում գործադրել, որպեսզի Ռուսաստանն ընդունի մեղքը:
Ակնկալվում էր, որ մինչև շաբաթավերջ Ղազախստանի կառավարական հանձնաժողովը կհրապարակի Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների մասին նախնական զեկույցը, բայց այդ մասին տեղեկություն առայժմ չկա: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Զելենսկի-Ալիև հանդիպումից հետո հայտարարել է, որ կործանված ինքնաթիռի հրամանատարի և դիսպետչերական ծառայությունների միջև խոսակցությունների վերծանումը չի հաստատում ՀՕՊ հրթիռի ազդեցության վարկածը:
Մեկ շաբաթվա ընթացքում կողմերը դիվանագիտական նոտաներ են փոխանակել՝ դժգոհություն հայտնելով մամուլի հրապարակումներից և փոխադարձաբար հորդորել հավատարիմ մնալ երկկողմ հարաբերությունների ռազմավարական գործընկերության և դաշնակցային համագործակցության սկզբունքին:
Հունվարի 31-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ Օդեսան ենթարկվել է հրթիռային հարձակման: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն եղել: Զելենսկին հայտնել է, որ հրթիռային հարվածի գոտում են գտնվել նաև օտարերկրյա դիվանագետներ, որ նույնպես չեն տուժել:
Ռուսաստանյան աղբյուրները, մինչդեռ, տեղեկացրել են, որ թիրախավորվել է Օդեսային կենտրոնում գտնվող «Բրիսպոլ» հյուրանոցը, որտեղ, ըստ հետախուզական տեղեկությունների, ուկրաինացի բարձրաստիճան զինվորականները և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական խորհրդատուները հավաք էին անցկացնում:
Նման դեպքերում, որպես կանոն, կողմերի տարածած տեղեկությունները մեկը մյուսին տրամագծորեն հակասում են: Օդեսան Ռուսաստանի կողմից հրթիռակոծման է ենթարկվել մի քանի անգամ, բայց նախկինում թիրախավորվում էին նավահանգիստը, հարակից պահեստարանները և այլ ենթակառուցվածքներ: Հունվարի 31-ին, ինչպես Ուկրաինայի նախագահն է ձևակերպել՝ «հրթիռը հարվածել է քաղաքի կենտրոնի քաղաքացիական շինությանը»:
Այս տեղեկատվությունը տարածվելուց տառացիորեն մեկ ժամ անց Բաքվի իշխանական haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևն Օդեսայի կենտրոնից ուղիղ եթեր է մտել և պատմել քաղաքում տիրող իրավիճակի մասին:
Ըստ նրա՝ Օդեսայում սպասում են Ռուսաստանի նոր հարվածներին, քաղաքի կենտրոնական հատվածը վերահսկում են զինվորականները, հրշեջ և փրկարար ծառայության աշխատակիցները: Ըստ Ֆաթուլլաևի՝ «Բրիսպոլ» հյուրանոցի հրթիռակոծությունից երկու քաղաքացի է տուժել, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ֆաթուլլաևը, իհարկե, Օդեսայից տարածվող տեղեկատվության միակ կամ ամենահուսալի աղբյուրը չէ, բայց ուկրաինական նավահանգստային քաղաքում նրա ներկայությունը և կազմակերպած ուղիղ եթերը վկայում են Ուկրաինայի հետ Ադրբեջանի հարաբերություններում փոփոխության մասին: Ռուս-ուկրաինական պատերազմի անցած մոտ երեք տարիներին Ադրբեջանը ոչ միայն քաղաքական, այլև տեղեկատվական զսպվածություն է դրսևորել:
Իշխանական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի ուկրաինական գործուղումը վկայում է, որ Իլհամ Ալիևը ռուս-ուկրաինական պատերազմի լուսաբանման արտոնություն է տվել կամ նույնիսկ հրահանգավորել, թե ինչ շեշտադրումներ պիտի արվեն: Ռուսաստանի ԱԳՆ-ում, ամենայն հավանականությամբ, Ալիևի այդ «կողասահքը» դիտարկվում է:
Բայց այս դեպքում ի՞նչ կապ ունեն երրորդ երկրները, եթե մեկնարկը տրվել է Դավոսում Զելենսկի-Ալիև բանակցություններով: Գուցե այն կազմակերպվել է Ռուսաստանի թշնամի համարվող մի երկրի միջնորդությա՞մբ:
Բաց մի թողեք
Ալիևը մի օր էլ հանկարծ կհայտարարի, որ Արցախի «երկաթյա բռունցքը» ոչ թե իրենն է եղել, այլ՝ Էրդողանինը
Էրդողանը սեր է փնտրում ռուս – ամերիկյան ձնհալում
Զախարովան դեռ կարծում է, որ պետք է խորհուրդ տա Հայաստանին ու ․․․ տալիս է