22/03/2025

Երևանի քաղաքապետարանում որպես կաշառք խոշոր չափի գումար են վերցրել գործող ու նախկին պաշտոնյաները

Փետրվարի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց թվով 8 անձի, որոնցից 4-ը Երեւանի քաղաապետարանի աշխատակիցներ, մյուսները՝ քաղաքացիներ, որոնք եղել են նախկին պաշտոնյաներ։

Ձերբակալվածներից են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը և քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Նախկին եւ ներկա պաշտոնյաների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Պաշտոնյաները մեղադրյալի կարգավիճակ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործի շրջանակում։ Ըստ լուրերի՝ նրանք որպես կաշառք խոշոր չափի գումար են վերցրել։

Նշենք, որ սա մի քանի ամսում 3-րդ դեպքն է, երբ քաղաքապետարանի աշխատողները թաթախվում է կոռուպցիոն բնույթի գործի մեջ։

Ամիսներ առաջ՝ նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներ էին կալանավորվել՝ կաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով, ավելի վաղ էլ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել նաև Առևտրի և սպասարկումների բաժնում. 4 անձ ձերբակալվել էր, երեքը, որ պաշտոնյաներ էին, ավելի ուշ կալանավորվել էին։

Translate »